Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային հանրությունը փորձում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
8cdfc5549b7189ec78545e4a6c2f5d79

Հոկտեմբերի 10-ը խորհրդանշական է մեր քաղաքական պատմության մեջ` կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադարձ կատարելով 2009թ. այդ օրը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին եւ այս տարի դարձյալ նույն օրը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին նախատեսվող ՀՀ անդամակցությանը: Ըստ նրա, 2009թ. ստորագրելով արձանագրությունները` ՀՀ-ն ձգտում էր դուրս գալ ռուսական ազդեցությունից ու բացելով հայ-թուրքական սահմանը` կապվել ԵՄ-ին: ՄՄ-ին անդամակցումը հակառակ գործընթացն է բերում. «Հոկտեմբերի 10-ը մի քանի տարվա կտրվածքով ձեռք է բերում 180 աստիճան հակադիր նշանակություն` ռուսական ազդեցության տակից դուրս գալը եւ նրա ազդեցության ներքո հայտնվելը»: Պարոն Բադալյանը միայն այս երկու պատմական ակնարկով չի սահմանափակվում. 1921թ. հոկտեմբերի 13-ին էլ ստորագրվեց Կարսի հայ-թուրքական պայմանագիրը, որով ուրվագծվեցին այժմյան ՀՀ սահմանները: Բացի այդ, ըստ նրա` մեր պատմության մեջ պատահական չէր հայ-թուրքական արձանագրությունների ճանապարհային քարտեզի ստորագրման օրը` ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը` Հայոց ցեղասպանության հիշատակի շեմին: Պատահական չէր նաեւ դրանց հրապարակման օրը` օգոստոսի 29-ը` ԼՂՀ անկախության օրվանից ընդամենը 2 օր առաջ: Այս համընկնումները պարոն Բադալյանը պատահական չի համարում` այդպիսով միջազգային հանրությունը փորձում է Սերժ Սարգսյանին. «Արդյոք նա ունի՞ արժանապատվություն, եւ արդյոք իր ժողովրդի համար սիմվոլիկ նշանակություն ունեցող օրերին նա կստորագրի՞ ինչ-որ մի փաստաթուղթ, որը հակադրվի իր ժողովրդին: Տեսան, որ այո` նա պատրաստ է»: Իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հակված չէ հավատալու թվերի զորությանը: Նա այլ զուգահեռներ է անցկացնում արձանագրությունների եւ ՄՄ հնարավոր անդամակցության միջեւ. «Մի դեպքում դա հակամարտություն է, մյուս դեպքում զարգացման ինչ-որ մի ուղի, որտեղ ՀՀ իշխանությունները նոր հնարավորություններ են տեսնում: Եվ արտաքին ճնշումն է տարբեր, եւ ներքին տրամադրվածությունն է տարբեր, եւ գործընթացի տրամաբանությունն է տարբեր»: Ոչ իշխանական քառյակը, թեեւ դեռ կոնկրետ օր չի ասել, սակայն մտադիր է հոկտեմբերին միասնական հանրահավաք անել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շտապել է զգուշացնել` թեժ աշունների համար կան սառը ցնցուղներ. «Դրա կարիքն ու անհրաժեշտությունը չկա: Ես վստահ եմ ու հուսով եմ, որ ամեն ինչ կլինի քաղաքակիրթ զարգացման տրամաբանության մեջ»։ Ըստ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ ոստիկանապետը գուցե ճիշտ չի գնահատել ՀՀ եւ հասարակության վիճակը, քանի որ ոստիկանությունը երբեք աչքի չի ընկել իր ինտելեկտով: