Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Իսպանիայի իշխանություններին. Ազատություն

Քաղաքականություն
c1688e552e914ce5e6d4539bda3a3e77

Անցած շաբաթ Բասկերի երկրի խորհրդարանը ընդունել է մի բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: Բանաձևում նաև նշվում է, որ ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար: Բասկերի երկրի լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղը, որի անկախությունը անցած շաբաթ ճանաչել է երկրի Գիպուզկոա նահանգը, ներկայացնում են այսպես․ - «Կովկասյան տարածաշրջանում գտնվող հայերով բնակեցված մի փոքրիկ երկիր, որն ունի լրջագույն դժվարություններ անկախության և ճանաչման հասնելու ճանապարհին»: Ղարաբաղում այս իրադարձությունը որակում են որպես Եվրամիության տարածքային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փաստ: Պաշտոնական Բաքվի սպասված արձագանքը չուշացավ: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ՝ այսօր Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե բողոքի նոտա է ուղարկելու Իսպանիայի իշխանություններին՝ Բասկերի երկրի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առնչությամբ: «Դեսպանությունը Բասկերի երկրի առաջնորդների հետ հանդիպում է պահանջել՝ բացատրություններ ստանալու նպատակով. Հանդիպման ժամկետները դեռևս չեն հստակեցվել», - դեսպան Ալթայ Էֆենդիևի խոսքերն է մեջբերել ադրբեջանական գործակալությունը: Այս օրերին Գիպուզկոա նահանգում է գտնվում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունը՝ արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ: Նահանգային իշխանությունների կողմից պատվիրակությունն արժանացել է ամենաբարձր մակարդակով ընդունելության, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության վերաբերյալ: Բասկ լրագրող Պաբլո Գոնցալեսը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենց երկրում ընդհանուր առմամբ դրական են արձագանքում ԼՂ ճանաչման փաստին, իսկ Ադրբեջանի կողմից սպասվող հնարավոր աղմուկը թերևս որևէ նշանակություն չունենա, քանի որ Բասկերի երկիրը կապեր չունի Ադրբեջանի հետ․ - «Այս որոշումն ավելի շատ խորհրդանշանակ է: Հասարակությունը դրական է արձագանքել այդ իրադարձությանը, քանի որ մեր հասարակությունը բավականին ուշադրությամբ է հետևում տարբեր ժողովուրդների ինքնորոշման պայքարին, և մենք միշտ այդ ժողովուրդների կողմից ենք: Որովհետև մեզ համար այդ խնդիրը նույնպես արդիական է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով էր այդ քայլը ռիսկային մեր իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր սպառնալիքները, որոնք սովորաբար լինում են նմանատիպ իրադարձություններից հետո, ապա նշեմ, որ այո, բասկյան իշխանությունների կողմից այդ քայլ այնքան էլ անվտանգ չէր. Միևնույն ժամանակ նշեմ, որ Ադրբեջանի և Իսպանիայի միջև հարաբերությունները շատ թույլ են, Ադրբեջանն Իսպանիայի համար շատ հեռու է գործընկեր լինելու փաստից, իսկ Բասկերի երկրի դեպքում անգամ որևէ կապ չկա»: Նշեմ, որ իր սեփական լեզուն ու մշակույթն ունեցող Բասկերի երկիրը ավանդաբար ձգտել է ավելի լայն ինքնավարության։ Ինքնավար այս շրջանը մեծ իրավասություններ և արտոնություններ ունի: Վերջին տարիներին անջատողական տրամադրությունները մասամբ մարել էին այն բանից հետո, երբ բասկերի առաջնորդները Իսպանիայի կառավարության հետ համաձայնության էին եկել հարկային ավելի մեծ անկախության շուրջ: Սակայն անկախանալու մասին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի պահանջների ֆոնին այս տարի բասկերը կրկին անկախություն ստանալու պահանջներ են ներկայացրել: Էթնոքաղաքական այս հակամարտությունը համարվում է ամենասուրը ժամանակակից Արևմտյան Եվրոպայի տարածքում: