Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն անտեսել է ՀԲ նախապայմանը. ՀԷԿ-երը կառուցվում են առանց նախագծի (տեսանյութ)

Հասարակություն
5b7fef20181f24c4e3b1e000358770aa

«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները կոռուպցիոն նոր ռիսկեր են բացում՝ վստահեցնում է «Էկոդար» ՀԿ անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նա եղել է այն աշխատանքային խմբում, որի առաջարկությունները Կառավարությունը չի ներառել օրինագծում, եւ այն ԱԺ քառօրյայում 24- ժամյա ռեժիմով ընդունվեց 72 կողմ, 10 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչդեռ ԱԺ քառօրյային Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն այլ հայտարարությամբ հանդես եկավ. «Այս օրենքի վրա աշխատանքային խումբ է աշխատել, որին մասնակից են եղել նաեւ ՀԿ-ները: Եւ ըստ էության նրանք հավանություն են տվել»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Կառավարության ներկայացուցիչը հանձնաժողովի նիստում ապատեղեկատվություն է տարածում` ասելով, որ նախագիծը քննարկվել է ՀԿ-ների հետ, համաձայն են եղել տվյալ մոտեցումներին»: «Քանի որ ՀԿ-ները հազարավոր են, կարող է մի մասի հետ քննարկվել է, մյուս մասի հետ` ոչ»,- հավելում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Էկոդար» ՀԿ անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանին զայրացրել էին փոխնախարարի խոսքերը. «Սիմոն Պապյանը ստել է, բացարձակապես էժանագին սուտ էր դա: Եթե դնեին հանրային քննարկման, ապա մենք գնալու էինք ու մեր այդ ամբողջ փաթեթն էինք առաջ քաշելու, ոչ թե այդ փոփոխություններն էին ասելու` լավն է կամ վատը»: Բնապահպանները դիմել են ՀԲ-ին` կառավարության չտրամադրել դրամական միջոցները, որոնցով պետք է գործնականում իրականացվեին օրենքի փոփոխությունները: Ըստ Արթուր Գրիգորյանի` ՀԲ-ի գլխավոր նախապայմանը` հանրային քննարկումը, չի եղել: «Եթե այդ տրանշը տրամադրի, մոռացեք այլեւս որեւէ փոփոխության մասին: Իրենք հիմա կախված են միայն դրանից: Այս կառավարությունն աշխատում է միայն այն պարագայում, երբ իր վրա կա կոնկրետ ճնշում, իսկ ճնշումը տվյալ դեպքում ֆինանսականն է, որը ամենահզոր ու իրական ճնշումն է»,- ասում է Արթուր Գրիգորյանը: Բնապահպանների առաջարկություններից մեկը վերաբերել էր 1-10 մգՎՏ հզորության փոքր ու միջին ՀԷԿ-երին, որպեսզի դրանք «գ» կատեգորիայից բարձրացվեն «բ» կատեգորիա: Հակառակ դեպքում, ըստ Արթուր Գրիգորյանի, ՀԷԿ կառուցելիս շրջակա միջավայրի ազդեցության գնահատում չի լինի, նախագիծ չի կազմվի. «Այնտեղ միայն իրազեկում են, որ մենք այսպիսի մի բան ենք ուզում անել, եւ Բնապահպանության նախարարությունն ասում է` ես տեղեկացա, ok է: Պատկերացրեք, ասենք, Սեւան մտնող գետի վրա կառուցեն փոքր ՀԷԿ` առանց որեւէ նախագծի»: Թեեւ օրինագիծն ընդունվեց, սակայն բնապահպանները պատրաստվում են նաեւ դիմել խմբակցություններին` անցկացնելու խորհրդարանական լսումներ: