Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում ներդրվելու է էկոգյուղի մոդելը (տեսանյութ)

Հասարակություն
Screen-Capture3

Սույն թվականի հուլիսի 21-ից 26-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խնձրիստան գյուղում կազմակերպվել է վրանային ճամբար, որի նպատակն է եղել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անհատների մասնակցությամբ, քննարկել և առաջարկել Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը, հիմնել «Էկոխնձրիստան» էկոգյուղերի ցանցը։ Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը։ Վերջինիս խոսքով՝ նախաձեռնության նպատակն է եղել խթանել Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը։ Բանախոսը նաև ներկայացրեց էկոգյուղերի ստեղծման հիմնական չափանիշները, որոնք են՝ էկոկրթության սերմանումը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը, ինչպես նաև էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացումը։ Արսեն Գասպարյանի համոզմամբ՝ էներգախնայողությունը հնարավորություն կընձեռի գյուղերում նվազեցնել բնակիչների ծախսերը և նպաստել բնության պահպանությանը, իսկ հնարավորության դեպքում պետք է տեղադրել նաև արևային էներգիայի մարտկոցներ՝ համայնքների փողոցային լուսավորությունը ապահովելու համար։ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ աղբի խնդիրը համայնքներում կարևորագույն բնապահպանական խնդիրներից է, և էկոգյուղերի ստեղծման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել վերոնշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այս նպատակները ամբողջությամբ իրագործելու համար ֆինանսական օժանդակություն ստանալու խնդրանքով կենտրոնը դիմել է Արցախի կառավարությանը և մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների։