Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՍՄԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում իրենց պաշտոններում հաստատվել են Հայաստանի բոլոր հավաքականների գլխավոր մարզիչները, այդ թվում Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը, որի ղեկավարությամբ մեր ընտրանին ոչնչով աչքի չի ընկել, իսկ վերջերս Կիպրոսում երկու պարտություն է կրել՝ դառնալով մրցաշարի միակ թիմը, որին չի հաջողվել գոլ խփել:

Սակայն ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՖՖ-ում, սա չի նշանակում թե Վիսմանի հետ նոր պայմանագիր է կնքվելու եւ այս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել: Հավանաբար Վիսմանի հետ նոր պայմանագրի հարցը լուծում կստանա մարտի 21-ին կայանալիք Գերմանիա (մինչեւ 21 տարեկաններ) – Հայաստան ընկերական խաղից հետո:

Գործկոմն իր հերթական նիստում հիմնականում քննարկել է առաջիկայում մեկնարկող Հայաստան 2006թ. բարձարգույն եւ առաջին խմբերի առաջնություններին վերաբերվող հարցեր: Այսօրվա դրությամբ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 8 թիմ, սակայն հնարավոր է թիմերի քանակը հասնի 9-ի: ՀՖՖ գործկոմի նիստում որոշվել է, որ եթե առաջնությանը մասնակցեն 8 ակումբներ, ապա այն կանցկացվի 4 շրջանով, իսկ 9 թիմերի դեպքում՝ 3 շրջանով: Քննարկվել է նաեւ մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականի թեկնածուներից առանձին «Պատանի» անունով թիմ ձեւավորելու եւ այդ թիմի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլն այս տարի անցկացվելու է Հայաստանում, ուստի չափազանց կարեւոր է մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի արժանապատվորեն հանդես գալը:

Հիշեցնենք, որ Արսեն Չիլինգարյանի գլխավորությամբ 17 տարեկանները փետրվարից ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, ստուգողական խաղերի ուղեկցությամբ: ՀՖՖ գործկոմը միաձայն հավանություն է տվել այս ձեռնարկին, ինչպես նաեւ հաստատել «Լեռնային Արցախ», «Հայ Արի», «Գանձասար-2», «Արարատ-2» թիմերի մասնակցությունն առաջին խմբի առաջնությանը: Այս ակումբներից «Գանձասար-2»-ը եւ «Արարատ-2»-ը հանդիսանում են համապատասխանաբար «Արարատի» եւ «Գանձասարի» դուստր թիմերը, իսկ «Հայ Արին» նախկին ՖԻՄԱ-ն՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի թիմը: «Լեռնային Արցախը» նախորդ տարի մասնակցում էր բարձրագույն խմբի առաջնությանը, սակայն մրցաշրջանի միջնամասում անլուրջ պատճառաբանությամբ դուրս եկավ առաջնությունից:

Բարձրագույն խմբում հանդես եկող «Դինամո Զենիթը» վերանվանվեց «Ուլիս», իսկ «Արարատ-2» դարձավ պարզապես «Արարատ»: