Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԿՍՏԱՆԱ 1.5 ՄԼՆ ԴՐԱՄ

Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ տղամարդկանց եւ կանանց Հայատանի շախմատաի բարձրագույն խմբի առաջնությունների բացումը: Մինչ բացման արարողությունը ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին առաջարկեց հոտնկայս մեկ րոպե ծափահարել Լեւոն Արոնյանին, որն օրերս հաղթող էր դարձել Լինարեսի սուպերմրցաշարում: Արոնյանը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում ժամանել Երեւան:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու են հետեւյալ 10 շախմատիստներ, որոնցից 7-ը գրոսմայստերներ են. Կարեն Ասրյան, Աշոտ Անաստասյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Արտաշես Մինասյան, Արա Մինասյան, Տիգրան Նալբանդյան, Արսեն Եղիազարյան, Տիգրան Քոթանջյան, Արման Փաշիկյան եւ Տիգրան Քալաշյան:

Առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով եւ առանց հանգստյան անցկացվելու է 9 տուր: Հաղթողը պարգեւատրվելու 1.5 մլն դրամով, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար 900 եւ 500 հազար դրամով: Չեմպիոնը կընդգրկվի նաեւ Հայաստանի հավաքականի կազմում, որը մայիսին Թուրինում մասնակցելու է համաշխարհային օլիմպիադային:

Քանի որ Կարեն Ասրյանն իր բարձր վարկանիշի շնորհիվ արդեն իսկ ընդգրկված է հավաքականում, ուստի նրա հաղթանակի դեպքում ազգային թիմ կհրավիրվի փոխչեմպիոնը: Վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ վաղը 15:00-ին կայանալիք 1-ին տուրում մրցելու են հետեւյալ զույգերը.

Անաստասյան - Ասրյան

Քալաշյան - Նալբանդյան

Արտ. Մինասյան - Արա Մինասյան

Քոթանջյան - Պետրոսյան

Եղիազարյան - Փաշիկյան

Կանանց առաջնությունը նույնպես անցկացվելու է 10 շախմատիստուհիների միջեւ նույն մրցակարգով, իսկ հաղթողը կստանա 300 հազար դրամ: