Գործադիրը մտածում է՝ ինչ անել Ռադիկ Մարտիրոսյանին հայհոյողի հետ
Այսօր կառավարության նիստի ավարտին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բողոքեց, թե մեկ տարուց ավելի է մի մարդ կառավարության շենքի դիմաց իրեն հայհոյում է, սակայն ոստիկանությունն համապատասխան ուշադրություն չի դարձնում։ «Վերջերս նա նաեւ ագրեսիվ է դարձել։ Անհասկանալի է, որ եթե կան համապատասխան օրենքներ, ինչո՞ւ չեն պաշտպանում»,- կառավարության նիստում նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։ Խոսքը ամեն հինգշաբթի Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Հենրիկ Մխիթարյանի մասին է, ով վստահեցնում է՝ ստեղծել է հավերժական շարժիչ, սակայն գիտնականներից ոչ-ոք չի լսում իրեն ։ ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խորհուրդ տվեց պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար դիմել դատարան։ Իսկ Հովիկ Աբրահամյանը փորձում էր պարզել, որ եթե մարդուն հայհոյում են եւ նա դիմում է ոստիկանություն, ապա ինչ ընթացք պետք է ստանա գործը։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ պարզաբանեց, որ խոսքը 85 տարեկան մարդու մասին է՝ նշելով նրա նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել։ «Ամեն ինչ վարչական տույժով ավարտվու՞մ է: Էսքան իրավաբան կա, մի հատ լուծում եկեք գտնենք, հարց եմ տալիս ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը»,- հարց բարձրացրեց Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետը միաժամանակ Գլխավոր դատախազին խորհուրդ տվեց չընկնել խոսքերի հետեւից եւ լուծում առաջարկել։ Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն էլ պարզաբանեց, որ եթե այդ վիրավորանքը հրապարակային է ու պարբերական բնույթ է կրում, հետեւաբար դա հասարակական կարգի կոպիտ խախտում է, այսինքն՝ խուլիգանություն։ «Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, ես որի՞ վրա կենտրոնանամ»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։