Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքի դեղին փոշին նստում է Սոտք գյուղի դաշտերի վրա. Էկոլուր

Հասարակություն
090219170737

Ամեն օր Սոտքի ոսկու հանքավայրում կատարվող պայթեցումներից հետո հանքի դեղին փոշին նստում է Սոտք գյուղի դաշտերի վրա: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Հանքը շահագործող «GeoProMining Gold» ընկերությունը Սոտք գյուղի համար 2012 թ-ից հետո սոցիալական ծրագրեր չի իրականացնում: Նշենք, որ ընկերությունն այդ աջակցությունը ցուցաբերեց գյուղին այն ժամանակ, երբ 2012թ-ին բնապահպանական փորձաքննություն էր անցնում Սոտքի ոսկու հանքավայրի վերազինման աշխատանքային նախագիծը եւ նախագծի հասարակական լսումների ժամանակ անհրաժեշտ էր Սոտքի բնակիչների դրական կարծիքը: Նախագծի ընդունմամբ օրինական ուժ ստացավ նաեւ Սոտքի վարչական շրջանում հանքաքարի ջարդման-տեսակավորման համալիրի շահագործումը, որը նախքան այդ նախագծի ներկայացնել` դեռ 2011թ-ից գործում էր անօրինական կերպով, առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության: 2012թ-ի հասարակական լսումների ժամանակ Սոտքի հանքավայրի շահագործման նախագծի հեղինակ Հովիկ Նիկողոսյանը հայտարարեց, որ ջարդիչ կայանը կգործի ընդամենը 2 տարի, մինչեւ Արարատի ոսկու կորզման գործարանում «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման ավարտը: 2014թ-ի ապրիլին Արարատի ոսկու կորզման գործարանում բացվեց «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասը: Սակայն ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Սոտքի գյուղապետը, ջարդիչ-տեսակավորման համալիրը շարունակում է գործել: Նշենք, որ բնապահպանները դեմ են այդ համալիրի տեղադրմանը Սոտք գյուղում, որը մտնում է Սեւանա լճի ջրհավաք ավազանի մեջ, քանի որ դա հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին, որն արգելում է արտադրական գործունեություև Սեւանա լճի ավազանում, իսկ ջարդիչ-տեսակավորման համալիրն իրականացնում է հանքաքարի վերամշակման առաջին փուլը: Ըստ նախագծի` Սոտքի ոսկու հանքավայրում ոսկու պարունակություն կազմում է 0,8-ից 0,9 գրամ տոննայում: Հանքի պաշարները կսպառվեն 13 տարուց: Էկոլուր