Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղի անկախության հեղինակների մի մասն ապրում է Հայաստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index1

Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Արցախի անկախության մասին ոչ մի ակնարկ չկար: Հայաստանի անկախության մասին խոսում էին Մովսես Գորգիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ խորհրդային մի քանի նախկին քաղբանտարկյալ: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր հայտնվել 1921 թվականին Ստալինի ղեկավարած խորհրդային քաղբյուրոյի որոշման: Ըստ պատմաբանների, Ստալինը նպատակ ուներ սիրաշահել Թուրքիային, որպեսզի վերջինս նույնպես դառնա կոմունիստական երկիր: Թուրքիան ոչինչ չխոստացավ: Երկու տարի հետո ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: 60 տարվա ընթացքում Ղարաբաղի մեկ երրորդը հայաթափվում է: Տարբեր տարիներին Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ փորձեր են կատարում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու համար: Առաջինը Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն էր, որը 46 թվականի հայրենադարձությունը ուզում էր ծառայեցնել Ղարաբաղը հայերով բնակեցնելու եւ Հայաստանի հետ միավորելու համար: 1966-ին Բրեժնեւի առաջ այդ հարցը բարձրացրեց Հայաստանի մյուս ղեկավարը՝ Անտոն Քոչինյանը: Հարցը չլուծվեց: Կարեն Դեմիրճյանի օրոք սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ադրբեջանի առաջին իսկ արձագանքը արյունահեղությունն էր: Ադրբեջանական նավթարդյունաբերության կենտրոն Սումգայիթում, պաշտոնական տվյալներով, սպանվեց 32 հայ: Շարժումը չդադարեց: Ադրբեջանը սկսեց ռուսական զորքերի օգնությամբ հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Հայերն անցան զինված ընդդիմության: Հընթացս, դեռ Խորհրդային Միության օրոք, սեպտեմբերի 2-ին Ինքնավար մարզի սահմաններում առանց հանրաքվեի Ղարաբաղը հռչակեց իր անկախության մասին: Պաշտոնապես ոչ մի երկիր չճանաչեց Ղարաբաղի անկախությունը: ՄԱԿ-ը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Չնայած դրան դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ղարաբաղի անկախության հանրաքվեն՝ 77 հազար քվեարկողից ընդամենը 554-ը դեմ քվեարկեցին: Միայն երեք տարի հետո, երբ հրանոթները լռել էին, Ղարաբաղում տեղի են ունենում նախագահի առաջին ընտրությունները: Հաղթում է Հայաստանի ղեկավարության հովանավորությունը վայելող Ռոբերտ Քոչարյանը: 97-ին վերջինս նշանակվում է Հայաստանի վարչապետ: Արցախում տեղի են ունենում նախագահի երկրորդ ընտրությունները: Պաշտոնը գրավում է արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանը Հայաստան էր տեղափոխվել դեռ պատերազմի ժամանակ: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու նախկին նախագահները, ինքնապաշտպանության ուժերի նախկին ղեկավարը եւ պաշտպանության նախկին նախարարները ապրում են իրենց ստեղծած երկրից դուրս: Մինչդեռ երկիրը կա, իսկ նրանցից ոչ մեկը վտարանդի չէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 23 տարեկան է: