Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճ` Եվրասիական միությանն անդամակցելու հետևանքով

Տնտեսություն
unnamed2

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված է 11 553 անուն ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսային դրույքաչափերը Հայաստանում և Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության երկրներում: Այդ ցանկերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ապրանքների 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում: 14.5 տոկոսի դեպքում Հայաստանում դրույքաչափերն ավելի բարձր են: Այսինքն, եթե Հայաստանը ներմուծեր բոլոր այդ ապրանքները ԵՏՄ-ից դուրս գտնվող երկրներից, դա կնշանակեր, որ 7000 ապրանքների գներ Հայաստանում կբարձրանային, իսկ մոտ 1700 ապրանքներինը՝ կիջնեին: Սակայն Հայաստանը չի ներմուծում բոլոր այդ ապրանքները, իսկ ներմուծվողներից մոտ 25%-ն էլ հենց Մաքսային միության երկրներից է բերում. ինչը նշանակում է, որ դրանց գծով որևէ գնային փոփոխություն չի լինի: Շատ ապրանքներ էլ ներմուծվում են աննշան չափերով, որոնք առաջին անհրաժեշտության չեն և հետաքրքրություն չեն ներկայացնում: Հետաքրքրություն ներկայացնում է մոտ 900 անուն ապրանք, որոնց մաքսազերծման դրույքաչափերը ժամանակավորապես չբարձրացնելու կամ աստիճանաբար բարձրացնելու համար Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարել Մաքսային միության հետ: Մինչև 2014-ի օգոստոս ամիսը այդ ցանկն այդպես էլ չհրապարակվեց: Եթե այդ 900 ապրանքների գծով որևէ արտոնություն Հայաստանին չտրվի, ապա, ըստ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի, Եվրասիական տնտեսական միություն մտնելու պահին Հայաստանում լրացուցիչ 1.5% գնաճ կառաջանա: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ 2014-ի մայիսի 13-ին հայտարարեց, թե Հայաստանի համար սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մաքսատուրքերի հարցում ՄՄ հետ բանակցությունների ժամանակ արդեն համաձայնություն ձեռք բերվել է: Նկատենք, սակայն, որ եթե անգամ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու գծով բացառություններ արվեն, ապա բացառությունները վերաբերելու են բարձրացման ժամկետներին: Այլ կերպ ասած՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը բոլոր դեպքերում լրացուցիչ գնաճ առաջացնելու է, պարզապես լավագույն դեպքում այն կարող է բաշխվել մի քանի տարիների վրա: Այժմ տեսնենք, թե կարևոր նշանակություն ունեցող հատկապես որ ապրանքների գծով են թանկացումներ լինելու՝ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մտնելու պահին կամ մտնելուց որոշ ժամանակ անց: Դիտարկելով ՀՀ ներմուծվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը և համեմատելով դրանց մաքսատուրքերի դրույքաչափերը, կարելի է տեսնել, որ, օրինակ, բենզինի դեպքում թանկացումներ կարող են լինել: Բենզինի մաքսազերծման դրույքաչափը Հայաստանում այսօր 0% է, իսկ Եվրասիական տնտեսական միության երկրներում՝ 5%։ Հայաստան բենզին ներմուծվում է հիմնականում եվրոպական երկրներից` Ռումինիայից և Բուլղարիայից։ Այսինքն, եթե գործեն Եվրասիական տնտեսական միության դրույքաչափերը և Հայաստանը շարունակի բենզին ներմուծել Բուլղարիայից ու Ռումինիայից, ապա մեր շուկայում բենզինը կթանկանա շուրջ 5%-ով։ Ցորենի ներմուծման համար Հայաստանում զրոյական մաքսատուրք է, ԵՏՄ-ում՝ 5%։ Սակայն դա մեզ վրա ընդհանրապես չի ազդի, որովհետև ցորեն Հայաստան ներմուծվում է Ռուսաստանից և մի փոքր էլ՝ Ղազախստանից։ Նշանակալի թանկացումներ կլինեն հատկապես դեղերի շուկայում։ Դեղամիջոցները ՀՀ ներմուծման կառուցվածքում արժեքով 6-րդն են՝ գազից, նավթամթերքից, ոսկուց ու ադամանդից հետո: 2013 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել մոտ 110 միլիոն դոլարի դեղորայք։ ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5%։ Ու քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) և ԱՄՆ-ից, ապա ակնհայտ է, որ դեղորայքի գինը կարող է թանկանալ նվազագույնը 8%-ով։ Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10% մաքսատուրք, 2013-ին ներմուծվել է 40 միլիոն դոլարի շաքարավազ։ 10% մաքսատուրքը կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար՝ այսօրվա գներով։ ԵՏՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Եվ քանի որ շաքարավազ Հայաստանը ներմուծում է գերազանցապես Բրազիլիայից և Ուկրաինայից, այստեղ նշանակալի թանկացումներ են սպասվում: Թռչնամսի համար նույնպես Հայաստանում մաքսատուրքը 10% է, ԵՏՄ-ում՝ 25%, սակայն ոչ պակաս, քան 0.2 եվրո՝ 1կգ-ի համար։ 2013-ին Հայաստանը 48 միլիոն դոլարի թռչնամիս է ներմուծել, գերազանցապես՝ ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից: Խոզի մսի դեպքում ևս Հայաստանը ավելի ցածր՝ 10% մաքսատուրքով է մաքսազերծում, քան Մաքսային միությունը՝ 15%: 2013-ին Հայաստանը ներմուծել է 21 միլիոն դոլարի խոզի միս` դարձյալ ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից: Առաջին անհրաժեշտության ապրանքներից ԵՏՄ-ում բավականին բարձր է նաև զուգարանի թղթի մաքսատուրքը (17.5-18.5 տոկոս)։ Հայաստանում գործում է 10% մաքսատուրք, իսկ զուգարանի թուղթը ներմուծվում է մեծ մասամբ Լեհաստանից և այլ եվրոպական երկրներից, մի որոշ մաս էլ՝ Թուրքիայից, Չինաստանից և Ուկրաինայից։ Առավել նշանակալի (մոտավոր գնահատականներով՝ 2 անգամ) կթանկանան նաև երկրորդային շուկայից ներմուծվող (օգտագործված) ավտոմեքենաները, որոնց միայն շատ փոքր մասն է այսօր ներմուծվում Ռուսաստանից: Այսպես, ԵՏՄ-ում ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը սկսվում է 25%-ից (որոշ դեպքերում մաքսատուրքը հաշվվում է՝ ըստ շարժիչի ծավալի, և կարող է կազմել արժեքի մինչև 50%-ը)։ Հայաստանում ռուսական ավտոմեքենաների համար գործում է զրոյական մաքսատուրք, արտասահմանյան մեքենաների համար՝ 10%։ 2012 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել 32 000 հատ մարդատար մեքենա, որոնցից ռուսական են ընդամենը 2000-ը։ Մնացած 30 հազարի համար վճարվում է 10% մաքսատուրք։ Եվ երբ Հայաստանը մտնի ԵՏՄ, նմանատիպ բոլոր մեքենաների մաքսազերծումը նշանակալի կթանկանա՝ ոչ միայն 25% մաքսատուրքի, այլև հաշվարկման մեթոդաբանական փոփոխությունների պատճառով: Օրինակ՝ Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք չեն ներմուծվում Ռուսաստանից և որոնց (1997-2000 թվականների արտադրության) մանրածախ գինը տատանվում է մոտ 4 հազար դոլար։ Այսինքն՝ դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է: 1998 թվականի արտադրության Opel Astra-ի ներմուծման ժամանակ այսօր մոտավորապես վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք (գումարած ԱԱՀ և բնօգտագործման հարկ)։ ԵՏՄ մտնելուց հետո 1998թ. արտադրության Opel-ի մաքսատուրքը կկազմի մոտ 5500 դոլար (գումարած ԱԱՀ և բնօգտագործման հարկ), ինչը կնշանակի, որ այդ մեքենաների գինը Հայաստանում կթանկանա 2,5 անգամ։ Մի խոսքով՝ եթե ԵՏՄ մտնելուց հետո հայաստանցիները շարունակեն նախընտրել եվրոպական, ոչ թե ռուսական արտադրության կամ հավաքման մեքենաներ, ապա մեքենաների թանկացումը Հայաստանում շատ նշանակալի կլինի: Մաքսատուրքերի դրույքաչափերի հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ նաև գյուղատնտեսությունում: Ներմուծվող գյուղմթերքների վրա Հայաստանն այսօր  կիրառում է 0 կամ 10% դրույքաչափ, Մաքսային Միությունը` 3.5-80%: Ընդ որում` առավել բարձր մաքսատուրքի դրույքաչափեր սահմանված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, որոնց ինքնաբավության մակարդակը մեր հանրապետությունում դեռևս ցածր է, և դրանք ներմուծվում են մեծ ծավալով՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից: Այս մասին, ի դեպ, ասվում է կառավարության պատրաստած տեղեկանքներից մեկում: Այսպիսով՝ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանում կարևոր նշանակության ու առաջին անհրաժեշտության շատ ապրանքների գծով թանկացումներն անխուսափելի են՝ անկախ նրանից, դրանք կլինեն ԵՏՄ մտնելուց անմիջապես հետո, թե որոշ ժամանակ անց:   Հրայր Մանուկյան, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»