Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանի դեպքերը ցույց տվեցին, որ Արցախն ուժեղ է ու անառիկ. Բակո Սահակյան

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մեր կարեւորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում եւ դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժեքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ: Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպես դաժան փորձություններ, այնպես էլ մեծ հաղթանակներ, հաղթանակներ, որոնք ձեռք բերվեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քույրերի ու եղբայրների թափած արյան գնով: Դրանք հնարավոր դարձան համայն հայության միասնականության ու համախմբվածության, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնվիրության շնորհիվ: Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ: Թանկագին հայրենակիցներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զորացում ու բարգավաճում` մեր հարազատ Արցախին: