Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսայինում Հայաստանը ինքնիշխանության պահպանման խնդիր կունենա . Թ. Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

ՄՄ հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հայտարարությունը ղեկավարի առողջ մտածելակերպ է, որի համար իր երկրի շահն ամեն բանից վեր է. կարծում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ նույնը կոչ անում ՀՀ իշխանություններին. «ՀՀ-ն պետք է հասկանա իր շահը եւ չփորձի հանկարծ դառնալ գործիք ՄՄ ճանապարհին՝ գնալով ուրիշ երկրների՝ իրենց շահերն առաջ տանելու խնդիրներով»: Նորսուլթան Նազարբաեւը հայտարարել է` եթե ՄՄ պայմանագրում սահմանված կանոնները չկատարվեն, Ղազախստանը կարող է հրաժարվել անդամակցությունից. «Աստանան երբեք չի լինի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախությանը: Նորսուլթան Նազարբաեւի հայտարարության համար հիմք են հանդիսացել իրեն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետեւյալ խոսքերը, թե Նազարբաեւն անհավանական բան է արել՝ ստեղծելով պետություն մի տարածքի վրա, որտեղ երբեք չի եղել պետականություն. Ղազախները երբեք էլ պետականություն չեն ունեցել։ Թեւան Պողոսյանը Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը պատահական չի համարում եւ կարծում է, որ շուտով բոլորի համար պարզ կդառնան պատճառները: Նրա համոզմամբ` ՀՀ-ն չպետք է խառնվի երկու երկրների հարաբերություններին, այլ միայն հետեւի գործընթացներին. «Չմոռանանք, որ Ղազախստանն այն երկրներից է, որոնք ավելի շատ մտահոգված են մեր տարածաշրջանում մեր թշնամիների` Ադրբեջանի շահերով, քան մեր շահերով: Այնպես որ, Ղազախստանի գերակայության խնդիրը երբեւէ ինձ չի թվում, թե անձնապես կամ ինստիտուցիոնալ պետք է լինի ՀՀ-ի համար`համար մեկ խնդիրներից»: Արդյոք ՀՀ-ի վերաբերյալ եւս կլինեն նման հայտարարություններ կամ ճնշումներ: Պարոն Պողոսյանի վստահեցմամբ` ճնշումներ արդեն եղել են, օրինակ, երբ սպառնում էին փակել Վերին Լարսը: Նա հիշեցնում է` ՄՄ-ում ՀՀ-ն ինքնիշխանության պահպանման խնդիր կունենա. «Ինքնիշխանությունն այն է, որ դու իսկապես զգում ես, որ դու ես քո ճակատագրի որոշողը եւ դու ես քո խնդիրը լուծում: Անդամակցելով այս կամ այն միությանը` այնքան չէ խնդիրը, որքան դու կարողանաս քո սեփականն իրականում օգտագործես ու կիրառես: Այս պարագայում մենք ունենք հակասություն Սահմանադրության հետ առայժմ, այսօրվա դրությամբ»: Ի դեպ, նախագահ ՌԴ Վլադիմիր Պուտինն այսօր հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: