Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրաքի ԱԳ նախարարին

Պաշտոնական
3452_hq

Սեպտեմբերի 1-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իրաքի ԱԳ նախարար Հոշիյար Զիբարիին։ Հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում նախարար Զիբարին հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության կատարման գործում և արտահայտեց Իրաքի ԱԳ պատրաստակամությունն աջակցել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանության աշխատանքներին։ Նախարար Զիբարին նշեց, որ Հայաստանը Իրաքի համար բարեկամ երկիր է՝ բարձր գնահատելով առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև ընդգծելով այլ բնագավառներում, հատկապես՝ տնտեսությունում, դրանք ընդլայնելու և զարգացնելու կարևորությունը։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող բռնությունները և հատակապես անհանգստացնող է ազգային և կրոնական փոքրամասնությունների կացությունը։ Դեսպան Գրիգորյանն ավելացրեց, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Երկկողմ համագործակցության զարգացման նպատակով երկուստեք կարևորվեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի առաջիկա նիստը սպասվում այս տարվա նոյեմբերին Բաղդադում։