Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվարչապետը ծանոթացել է Լեռնապարի եւ Նիգավանի խնդիրներին

Հասարակություն
armenchik

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Լեռնապար եւ Նիգավան համայնքներ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ համայնքների դպրոցներում, այնուհետեւ հանդիպեց բնակիչների հետ: Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորում են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռները բացում է վերանորոգումից հետո: Փոխվարչապետը նախ ներկա գտնվեց Լեռնապարի դպրոցի բացման արարողությանը, Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց մանկավարժներին ու դպրոցի սաներին՝ վստահություն հայտնելով, որ նոր պայմանները կնպաստեն ուսումնական գործընթացի արդյունավետության եւ աշակերտների առաջադիմության բարձրացմանը: «Մարզերում դպրոցների շենքային պայմանների բերելավման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք շարունակելու ենք կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը եւ կարեւորում ենք, որ մարզերի դպրոցներում նույնպես աշակերտների համար լավագույն պայմաններ ստեղծվեն»,-նշեց փոխվարչապետը: Ըստ նրա՝ վերջին տարիներին իրականացվող մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերի հիմնական բաղադրիչը դպրոցաշինությունն է, եւ ծրագրերով նախատեսված միջոցների մեծ մասն ուղղվում է համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Լեռնապարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար: Փոխվարչապետը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Նիգավան համայնքում փոխվարչապետը ներկա գտնվեց վերանորոգված նախակրթարանի բացմանը: Նախակրթարանի եւ դպրոցի շենքերի վերանորոգումն իրականացվել է պետական եւ «Փրկեք երեխաներ» բարեգործական կազմակերպության միջոցներով: Մարզերի առաջնահերթ խնդիրների հրատապ ծրագրերով շուրջ 42 մլն դրամ է հատկացվել դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, իսկ «Փրկեք երեխաներ» կազմակերպությունը նախակրթարանի, մարզադահլիճի վերանորոգման, սանհանգույցների կառուցման համար 43 մլն դրամ է հատկացրել: Ա. Գեւորգյանը դպրոցում շրջայցից հետո հանդիպեց մանկավարժական կոլեկտիվի հետ: Քննարկվեցին դասարանների կոմպլեկտավորման, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաեւ մանկավարժների սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր: Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Երկու համայնքներում էլ խնդիրները նմանատիպ էին. բարձրացվեցին մայրուղուց համայնքներ տանող ճանապարհի բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, հողօգտագործման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ բոլոր այդ խնդիրները կքննարկվեն համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ: Նիգավանում բնակիչները նաեւ բարձրացրեցին համայնքի վարչական տարածքում գտնվող Ապարանի աղբավայրի տեղափոխման հարցը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց Քաղաքաշինության նախարարության եւ Ապարանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին