Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը` «դատապարտված լինելու» մասին

Պաշտոնական
78947be54f0d73606a93c8302eee0d93

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ Սիրելի՛ հայրենակիցներ Երբեւէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարեւոր ու նվիրական տոներից է: «Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարու¬նա¬կությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»: Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու և առաջադրված դժվարին խնդիրները համախմբվա¬ծության միջոցով լուծելու վայր է: 2014 թվականի սկզբից մենք միասին անհաշտ պայքարի հայտարարեցինք փողոցային արատավոր բարքերի դեմ: Համագործակցեցինք տարբեր ուղղություններով, բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, զրուցեցինք ու պայմանավորվեցինք՝ կյանքի կոչելով շատ մտահղացումներ: Եվ այս բոլոր աշխատանքների արդյունքում մենք ստացանք տեսանելի արդյունք, արդյունք, որը շատերի համար անհավատալի էր, որին շատերը վերաբերվում էին թերահավատորեն. այնուամենայնիվ մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է դիտավորյալ սպանության միայն մեկ դեպք, իսկ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել: Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար մենք պարտական ենք միմյանց հետ համագործակցությանը, մեր համատեղ աշխատանքին: Ինչպես գիտեք, 2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության և 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան: Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետևեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաև զինադադարի տարիներին ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ: ՀՀ և ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման և նաև երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաև զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ: Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել ևս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով և ուղղված էր հայկական հենակետների գրավմանը և հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն` դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ: Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ և արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական և ոստիկանական ռեժիմը: Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը: Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների: Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության և Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ: Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլև բոլոր զորատեսակների ստորաբաժանումների և բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության և ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին: Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաև վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի ու հոսանքների` իսկույն համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները: Շնորհակալություն եմ հայտնում նաև հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին` դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու համար: Գիտեք, որ հանդիպում եղավ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, ստորագրվեց հուշագիր` երկրի պաշտպանությանն առնչվող խնդիրներում բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու մասին, ապա ՀՀ Կառավարության անդամների հետ մեկնեցին գիշերելու Պաշտպանության բանակի մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումներով առավել բարձրացրին նրանց մարտական ոգին: Միաժամանակ, իմ երախտագիտությունն եմ հայտնում գրողներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին, ովքեր, ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի հիրավի հերոսական բնակչության դժվարին կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը և զգաստության ու համախմբվածության կոչեցին ողջ ժողովրդին: