Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը` էքստրեմալ հանգստի սիրահար

Հասարակություն
aabd3c0dc4c2a178a9d82f2d133091fb

Այն մարդը, որը չի հանգստանում, չի կարողանում լավ աշխատել եւ չի զարգանում, եւ եթե ուզում ենք բարեկիրթ ազգ լինել, ապա պետք է հանգստանանք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. նա կարծում է, որ պետք է ե՛ւ ամռանը հանգստանալ, ե՛ւ ձմռանը, որպեսզի նաեւ տուրիստական ընկերությունները իրենց աշխատանքները ծավալեն։ Անդրադառնալով հանգստի հոգեբանական կողմերին՝ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ հանգստի երկու տարբերակ կա. մեկը, թե որտեղ ես ցանկանում ինքդ հանգստանալ եւ մյուսը՝այն աշխատանքը, որ դու ես անում, դրա հակառակը պետք է անել, օրինակ՝ակտիվ աշխատանքով զբաղվողները պետք է պասիվ հանգստի կողմնակից լինեն։ Հոգեբանը խորհուրդ է տալիս արձակուրդից մի քանի օր շուտ գալ եւ նախապատրաստվել աշխատանքային վիճակին, որպեսզի հեշտությամբ ռիթմի մեջ մտնես։ Սամվել Խուդոյանը հավելեց նաեւ, որ ճիշտ հանգիստը 24 օր պետք է լինի, իսկ կիսատ հանգիստը լուրջ խնդիրների է բերում։ Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց, թե ինչպես է հանգստանում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «Նա էքստրիմի սիրահար է, ինչը շատ ճիշտ հանգիստ է»։ Հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, որ մյուս քաղաքական գործիչներն էլ հանգիստն անցկացնեին էքստրեմալ իրավիճակում, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Քաղաքականությունը հենց ամենաէքստրեմալ աշխատանքներից է»։ Իսկ թե որտեղ եւ ինչպես են գերադասում հանգստանալ պաշտոնյաները, հոգեբանն ասաց՝ լսել է, որ նախընտրում են հանգստանալ նավերով։