Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում օրոք ինչ որոշում է կայացվել. ՀՀԿ պատգամավորը կհրապարակի ցանկը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
53eba4367b6eedeabb537a229e525972

5-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանին ընդառաջ հանձնաժողովներում վաղվանից թեժ քննարկումներ են: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, որը եւ Պետաիրավական, եւ դեռեւս Էթիկայի հարցերով հանձնաժողովների նախագահն է, նկատում է` հիմնական փոփոխությունները նախատեսվում են Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում: ԱԺ նոր նստաշրջանում ռոտացիոն կարգով նախագահ պետք է նշանակվի ՀԱԿ խմբակցությունից. «Երբ մեր ընդդիմադիր գործընկերները կկայացնեն իրենց հստակ որոշումը, այսինքն` ՀԱԿ-ը կկայացնի իր որոշումը` մասնակցում է Էթիկայի հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ, այնուհետեւ մենք ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` կառաջարկենք մեր թեկնածուին»: ՀԱԿ-ը բոյկոտել էր նախորդ նիստերը եւ չէր մասնակցում աշխատանքներին` այն համարելով անիմաստ: Հովհաննես Սահակյանը պատրաստվում է հրապարակել հանձնաժողովի կայացրած որոշումները, թե որ ժամանակահատվածում ում օգտին ինչ որոշում է կայացվել. «Կարծում եմ` բավականին տպավորիչ կլինի այն առումով, որ իշխանական թեւը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ նույն թեւը ներկայացնող նախագահի օրոք ավելի շատ որոշում է կայացվել ոչ ի օգուտ իրենց, քան ընդդիմադիր թեւը ներկայացնող նախագահների ժամանակ»: ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի գլխավորած ԱԺ Տարածքային կառավարման եւ ՏԻՄ հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 3-ին քննարկվելու է օրենսդրական 3 փոփոխություն: Դրանցից մեկը վերաբերում է ֆինանսական համահարթեցմանը: Այն վերաբերում է մինչեւ 300 բնակիչ ունեցող գյուղերին` բյուջեից տրվող դոտացիաներին. «Եթե 300 բնակիչ է, մի քիչ ավելի, մոտավորապես 3.5 մլն-ի մասին է խոսքը: Դա մեծ գումար չէ, այդ գումարը հիմնականում գնում է տեղական ապարատի պահպանմանը, քանի որ այն որեւէ ծրագրի իրականացման համար ծիծաղելի է, մանավանդ իրենց կողմից հավաքված տեղական բյուջեն շատ ավելի փոքր է»: Նա վստահ է` ԱԺ առաջիկա քառօրյաներում քննարկումները թեժ են լինելու. «ԱԺ-ում վաղուց արդեն կայացած փաստ է ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, որոնք կարողանում են որոշակի քաղաքական օրակարգ ձեւավորել, որոնք շատ-շատ հարցերի դեմ են միասնական եւ կարողանում են եթե ոչ թելադրել, ապա ստեղծել իրավիճակ, երբ այդ ուղղությամբ պետք է գնա օրակարգը»: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահ է, որ մեր հրաշալի քառյակն ինքն էլ է մոռացել այդ 12 կետերի բուն բովանդակությունը. «Փորձեք հարցադրում անել, դժվար թե 12-ն էլ անգիր հիշեն: Դուք հիշո՞ւմ եք, ես էլ մասնակի եմ հիշում, եթե անկեղծ ասեմ»: