Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդիկները Վայոց ձորի դպրոցները կհամալրեն համակարգիչներով

Պաշտոնական
Hndkastani-dllespan1

Վայոց ձորի դպրոցները կհամալրվեն համակարգչային դասասենյակներով   Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է. «Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար»: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունները, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-հնդկական կապերի ընդլայնմանը: Կառավարության ղեկավարը և դեսպան Բաբուն քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա ևս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Տավուշի և Լոռու մարզերում կրթական ծրագրեր իրականացնելու համար: Այնուհետև կառավարությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջև ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Վարչապետ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձևավորվի նաև ներքին ցանց: