Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու կենտրոնական հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգա՞ռ

Հասարակություն
IMG_1759

Գյումրու կենտրոնական հրապարակը, որին առնձնահատուկ հմայք են հաղորդում եկեղեցիները, վերջին տարիներին փաստացի համարվում է միակ վայրը, որտեղ գյումրեցիները հատկապես երեկոյան և գիշերային ժամերին զբոսնում են: Ցավոք, կենտրոնական հրապարակը մանավանդ ցերեկային ժամերին գերհագեցված է մեքենաներով, հատկապես տաքսիներով. հրապարակի ամբողջ տարածքով մեկ սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ: Մինչդեռ կանաչ տարածքների և զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրու ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Մեր ունեցած տեղեկություններով՝ տեղական ներկայիս իշխանությունը առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում: Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ՝ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ինչպես ասում են, «ինչ-որ բան նշանակում է», և դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում ևս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում: «Շիրակ կենտրոն»