Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիատոմսերի գները կբարձրանա՞ն (տեսանյութ)

Հասարակություն
airplane

«Յու տեր» ռուսական ավիաընկերությունը սեպտեմբերից կդադարեցնի Երեւանից դեպի Սոչի եւ Մինվոդի ուղղություններով չվերթերը։ Մի քանի օրից պարզ կլինի նաեւ դեպի Կրասնոդար չվերթերի ճակատագիրը։ Այն նույնպես կարող է դադարեցվել։ Ավիաընկերությունում պարզաբանում են՝ պատճառը ճգնաժամային իրավիճակն է։ «Ավիաընկերությունում ֆինանսատնտեսական վերլուծություններ են անում եւ ոչ եկամտաբեր չվերթները հանվում են», ասաց «Յու տեր» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Վանցյանը: Տվյալ չվերթերը անեկամտաբեր են եղել, քանի որ ավիաընկերությունը մրցունակ լինելու համար չի բարձրացրել ավիատոմսերի սակագները, բացատրեց պարոն Վանցյանը: Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասարկման գների հաշվին ավիաընկերությունները միայն տուժում են. «Հաշվի առնելով սակագները, մեր ավիաընկերությունն աշխատում էր զրոյի վրա կամ մինուսով»։ Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասարկման սակագները մեր տարածաշրջանի համար միջին սակագներ են եւ մատուցած ծառայությունների որակին համարժեք են, վստահեցնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը։ Բացի այդ կառավարության համապատասխան հանձնաժողովը վերահսկում է օդանավակայանի սակագնային քաղաքականությունը. փաստորեն գները միայն օդանավակայնը չի որոշում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Զվարթնոցի սպասարկման բարձր սակագների պատճառով  հոկտեմբերից Երեւանից չվերթեր չեն իրականացնի նաեւ Չեխական ավիաուղինները։ Այս տեղեկատվությունը ընկերության հայաստանյան գլխավոր գործակալության տնօրենը հերքեց՝ չվերթերի դադարեցումը օդանավակայանի հետ կապ չունի. «Պատճառը համակարգային փոփոխություններ են ավիաընկերության ներսում, որոնք որ բացարձակ Երեւանի հետ կապ չունեն»: Դադարը կլինի միայն մի քանի ամիս։ Գարնանը Չեխական ավիաուղինները կրկին կվերականգնեն դեպի Երեւան չվերթերը։ Մանրամասները` տեսանյութում: