Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին նոր պարարտանյութի ընտրություն ունի

Հասարակություն
nkar0000121

Գյուղացին կարող է հանքային պարարտանյութերի փոխարեն օգտագործել ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, որոնք չեն վնասում հողը եւ տալիս են ավելի առողջ բերք։ Սա հնարավոր է դարձել արդեն 3 տարի Հայաստանում գործող «Օռվակո» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկության շնորհիվ, որն արտադրում է օրգանական պարարտանյութեր։ Այսօր այս թեմային անդրադարձել են ձեռնարկության գործադիր տնօրեն Լուսինե Նալբանդյանը, «ՀՈՍԹ» նորվեգական ընկերության գլխավոր տնօրեն Տուրլիֆ Ուգլանդը, «ՀՈՍԹ» նորվեգական ըներության գիտական տնօրեն Էրիկ Նորգաարդը։ Նրանց կարծիքով օրգանական պարարտանյութերով աճեցված մշակաբույսերը ավելի սննդարար են եւ ավելի առողջարար մարդու համար։ Ձեռնարկության տնօրենի խոսքով իրենք արտադրում են կենսահումուս, օրգանոմիքս եւ կենսահեղուկ կոչվող պարարտանյութերը, որոնք ստացվում են օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Ձեռնարկության հիմնական նպատակը գյուղատնտեսության զարգացումն է. «Մնացած երկրների համեմատ Հայաստանում հողը բավականին քիչ է քիմիականացված եւ հիմա գտնվում է այն հարմարավետ կետում, որից կարելի է սկսել արտադրել էկոլոգիապես մաքուր մշակաբույսեր».-նշեց «ՀՈՍԹ» նորվեգական ընկերության գլխավոր տնօրեն Տուրլիֆ Ուգլանդը։ Նրա կարծիքով Հայաստանը հիանալի վայր է մաքուր մշակաբույսեր արտադրելու համար։ Նրանք նաեւ աշխատանքներ են տանում սահմանամերձ գյուղերում՝ հիմնականում Ոսկեվան, Չինարի եւ Բերքաբեր գյուղերում։