Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կաշառք հաշմանդամության կարգ ստանալու համար՝ 25.000-80.000 դրամ (տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող անձին կարգավիճակ տալու համար մեր երկրում 25.000-ին մինչև 80.000 դրամ են պահանջել: «Լիարժեք կյանք» ՀԿ–ն թեժ գծի նման բազմաթիվ բողոքներ ստացել։ Ստուգումների արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների մի մասը հաստատել է, որ կաշառք է տվել, իսկ մյուսները՝ ոչ։ «Լիարժեք կյանքի» թեժ գիծը բազմաթիվ այլ խախտումներ է արձանագրել քաղաքացիների հաշմանդամության կարգ ստանալու գործընթացում. «Խնդիրներից մեկը հենց գործող կանոններ են և գործող չափորոշիչները և հույս ունեմ, որ կբացառվի այն իրավիճակը, որ նույն հիվանդության դեպքերում, նույն հնավանդության պայմաններում կարող են տարբեր հաշմանդամության կարգեր ստանալ»։ Իսկ մինչ կարգ ստանալը քաղաքացին պետք է համապատասխան ստուգումների ենթարկվի, սակայն այստեղ հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այս մարդկանց մեծ մասը, անգամ, չի կարողանում հասնել բժշկի սենյակ. «Մենք ականատես ենք եղել այնպիսի իրավիճակի, երբ մարդն եկել է հենակներով, բայց դժվարացել է բարձրանալ 3-րդ հարկ, քանի որ այնտեղ է տեղակայված բժշկասոցիալական փորձաքննության սենյակը»,- պատմում է «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսնի Սարգսյանը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատակազմի «ԲՍՓ» գծով պետի տեղակալ Անուշ Սիմոնյան չի հերքում հաշմանդամության կարգ ստանալու գործընթացում բազմաթիվ խնդիրներ կարող են լինել։ Հենց դրանց արդյունքում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, իրենց աշխատանքը պատշաճ չկատարողները հեռացվել են ոլորտից։ Նրա կարծիքով խախտումները շատ հաճախ հնարավոր է կանխել, եթե քաղաքացին տեղյակ լինի իր իրավունքներին.«Եվ փորձաքննվող անձը և պետական իրավասու մարմինը փորձաքննությանը կարող է մասնակից դարձնել այլ մասնագետ կամ հենց բուժող բժշկին»։ Անկախ բոլոր խնդիրներից «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն, ով նույնպես հաշմանդամություն ունի, մեկ դրական երևույթ է նկատում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները կառավարության ուշադրության կենտրոնում են, սակայն դեռ լիարժեք պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի այս մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան։