Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ներկա եղավ «Բազե» հավաքի փակման արարողությանը

Պաշտոնական
2371bd4733a9eed95da5cc2780191239

Օգոստոսի 23-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալա համերգին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երիտասարդները նախագահին դիմավորեցին ռազմական մարտարվեստի ցուցադրությամբ և պարային ֆլեշ մոբով։ Հանրապետության ղեկավարը նախ ներկաներին շնորհավորեց Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ։ ՀՀ նախագահը նշեց, որ 24 տարի առաջ` Անկախության հռչակագրի ընդունման օրը, վստահ էր, որ սերունդները կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը։ «Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է 1990-ականներից հետո ծնված սերունդը կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը։ Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում իրոք կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը։ Եվ իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն հանգամանքների վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր սահմանները՝ այդ ընթացքում ցուցաբերելով քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ։ Մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ։ Որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ։ Ինչպես չհպարտանաս այդպիսի դպրոցականներով։ Եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 երիտասարդ ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպես վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք։ Եթե մեր տանկային անձնակազմերը կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ և լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում»,- նշեց ՀՀ նախագահը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց «Բազե» հավաքի լրագրողների ջոկատի անդամների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ զարգացումներ ունենք ղարաբաղյան կարգավորման գործընթացում և ո՞ւր ենք հասել, երկրի ղեկավարը նշեց. «Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք՝ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են։ Ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը. միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է, և դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով»: Անդրադառնալով վերջին դիվերսիոն հարձակումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի նպատակներից մեկը մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը։ Դառնալով բանակցային գործընթացի տեմպերին՝ նախագահը նշեց. «Մենք 2011 թվականից սկսած՝ չունենք էական առաջխաղացում, և Կազանում բանակցությունների ձախողումն Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»: Լրագրողներին հետաքրքրեց նաև՝ տեղի՞ն են այն տպավորությունները, թե այնքան էլ ուրախ չեն մեզ տեսնել Մաքսային միության կազմում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ինչ-որ առումով համաձայն է այդ կարծիքներին ու մանրամասնեց. «Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության բոլոր անդամները չեն ցանկանում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և այն առաջ չէր շարժվի»: Պարոն նախագահը Մաքսային միության անդամակցության գործընթացներն ու դրանց հասցեին հնչող քննադատությունները բնական համարեց և նշեց, թե «սա մեր երկրի կարևոր շրջափուլերից մեկն է»: Այնուհետև օրինակ բերեց ՀՀ Անկախության հռչակագիրը՝ նշելով, որ շատերը ժամանակին դրա նկատմամբ էլ կասկածներ ունեին. «Քսանչորս տարի է անցել՝ չնայած բարդություններին և դժվարություններին, մեր երկրի ընթացքը հաստատուն է»,- ամփոփեց ՀՀ նախագահը: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սահմանադրական, կենսաթոշակային բարեփոխումներին, ընդդիմության վարած քաղաքականությանը, կառավարության կողմից ստվերի դեմ պայքարին։ Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։