Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյան. Իմ մեջ չարություն չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
7771_b

«Բազե 2014» երիտասարդական հավաքի փակման արարողությանը Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև «Ա1+»-ի հարցերին: Հարցերից մեկը վերաբերում էր ոչ իշխանական քառյակի այն հայտարարությանը, թե աշունը թեժ է լինելու և տեղի է ունենալու միասնական հուժկու հանրահավաք: Մասնավորապես, ՀԱԿ-ի պահանջներից մեկը մնում է անփոփոխ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լսելով այս դիտարկումը Սերժ Սարգսյանը զարմացավ. «Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով, այլ տարբերակները օրենքից դուրս են, դուք նման մի տարի հիշում եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն, հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարևորը, որ դրանք տեղի ունենան օրենքի տառին համապատասխան»: «Ա1+»-ի մյուս հարցը վերաբերում էր «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժմանը և կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ կառավարության ներկայացրած վերջին փոփոխություններին, որոնք դարձյալ չեն գոհացրել նախաձեռնության անդամներին. «Դուք գիտեք, ես կողմ եմ այդ բարեփոխումներին: Մենք հարգում ենք նաև այլ կարծիքներ և դրանք իրենց ազդեցությունը ունենում են: Չնայած որ կարծիքն էլ  հաշվի ենք առնում, միևնույն է՝դժգոհողներ լինում են, ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում արվի և արագ որոշումներ կայացնելու համար մահակ պետք չէ»: Սերժ Սարգսյանը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին: Նա նշեց, որ հոկտեմբերին կամփոփի հանձնաժողովի աշխատանքները և կստորագրի հայեցակարգ և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ կընդունվի արդյոք օրենք հանրաքվե անցկացնելու համար: Սերժ Սարգսյանը որոշեց անկեղծանալ և խոսել իր նախասիրությունների մասին. «Իմ մեջ չարություն չկա: Նույնիսկ այն ԶԼՄ-ները, որոնք թույն են թափում ինձ վրա, ես չարությամբ չեմ լցվում, այլ խղճում եմ. չէ որ դա իրենց կամքով չեն անում, այլ դա համոզմունքով է արվում: Չարությամբ ոչնչի չես հասնի: Աշխարհում ինձ համար ընդունելի չէ 3 երևույթ՝չարությունը, տգիտությունը և նախանձը: Այդպիսի հատկություններով օժտված մարդը ճիշտ որոշում չի կարող կայացնել»: Լրագրողների հետ կարճատև հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մասնակցեց «Բազե 2014» երիտասարդական հավաքի գալահամերգին: Նրան ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: