Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

Պաշտոնական
f7890c097d78e5e4db98b875d7a856f5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։   Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն   ԱԻՎ-ից հայտնում են, որ Թուլացած քարերի քարաթափման աշխատանքները շարունակվում են   Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։   Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին` ճանապարհին կից ժայռից, տեղացած հորդառատ անձրևի և քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում (8-10 մ երկարությամբ): Դրա հետևանքով 8 մ լայնությամբ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար դարձել է անանցանելի, իսկ մարդատար մեքենաների համար` դժվարանցանելի։   Ժամը 22.50-ին «Լոռի ՃՇՇ»-ի կողմից ճանապարհը մաքրվել է, երթևեկությունը` վերականգնվել։ Սակայն նշված տեղում դեռևս կան քարեր, որոնք տեղումների կամ ցնցումների դեպքում կարող են թափվել։   Նույն ժամանակահատվածում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին` Վահագնի գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում, Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի տակով անցնող ջրահեռացման խողովակաշարի խցանման պատճառով սելավաջրերը հոսել են ճանապարհի վրայով, քանդելով ճանապարի երթևեկելի մասի կեսը (25 մ երկարությամբ)։   Ժամը 00.00-ին վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի վտանգավոր հատվածներում տեղադրվել են նախազգուշացնող նշաններ և Ճանապարհային ոստիկանությունից մնացել է վերակարգ։   Այսօր առավոտյան վթարավերականգնողական և թուլացած քարերի քարաթափման աշխատանքները վերսկսվել են։ Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ և ճանապարային ոստիկանության աշխատակիցները։