Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդների խումբը չհիմնավորված հայտարարություն է տարածել. ոստիկանություն

Կարևոր լուրեր Պաշտոնական
a2830336899a696fbd83566e5500aa96

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից  զետեղված հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Այն միտված է խեղաթյուրելու հասարակական կարծիքը, մասնավորապես` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, ոստիկանություն ու հասարակական, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների փոխհամագործակցությամբ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ` փորձելով ստվեր գցել ոստիկանության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճի վրա: ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) հետ, հանդիպումներ է ունենում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման դեմ կոմիտեների ներկայացուցիչների հետ, որոնց պարբերական զեկույցներում արտացոլվել են հիշյալ ոլորտում ոստիկանության կողմից իրականացվող բարեփոխումների և առաջընթացների վերաբերյալ դրական տեղաշարժեր: Չներկայացնելով որևիցե փաստարկ` դիտորդների խումբը չհիմնավորված հայտարարություն է տարածել իր հասարակական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության, բազմիցս նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունն են ունեցել նաև ոստիկանության շահագրգիռ և ոլորտի հետ առնչություն ունեցող ծառայությունների ներկայացուցիչները` հիմնավորված պարզաբանումներ տալով ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հունվարի 14-ի թիվ 1-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ի մի շարք կետերի վերաբերյալ: Ոստիկանության համապատասխան ծառայությունները մշտապես գործել են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում, և երբևիցե իրենց գործողություններով չեն սահմանափակել դիտորդների խմբի լիազորություններն ու չեն խոչընդոտել նրանց կողմից իրականացվող աշխատանքները: Հակառակը, ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության կողմից մշակվել են մի շարք մեթոդական ձեռնարկներ, տարածքային ստորաբաժանումներ են ուղարկվել հանձնարարականներ` դիտորդների խմբի գործունեությանը նպաստելու, նրանց հետ փոխհամագործակցության աշխատանքներն արդյունավետ դարձնելու և օժանդակելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ դիտորդների խմբի կողմից իրականացվող մոնիտորինգը մեծապես նպաստում է ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներ այցելությունների ընթացքում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ ներկայացված ընթացիկ հաշվետվությունների հիման վրա կատարվում են ծառայողական քննություններ, իրենց գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ ներկայացված խնդիրները լուծելու և թերությունները վերացնելու ուղղությամբ տրվում են համապատասխան հանձնարարականներ, ինչի մասին պարտադիր իրազեկվում է դիտորդների խումբը: Վերջին ժամանակներում դիտորդների խումբը փորձում է դուրս գալ իրեն վերապահված ՀՀ ոստիկանության պետի 14.01.2005 թ. թիվ 1-Ն հրամանով սահմանված լիազորությունների շրջանակներից` մասնավորապես. ՁՊՎ-ների վարչակազմից, առանց ձերբակալվածների համաձայնության, պահանջում է ՁՊՎ-ներում պահվող անձանց վերաբերյալ կազմված անձնական գործերը, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության, «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև վերը նշված հրամանի պահանջներին ու խմբի կողմից հաստատված էթիկայի կանոններին, ինչի կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է իր մտահոգությունը: Ըստ երևույթին, ոստիկանության կողմից նշված իրավական ակտերի պահանջներով ղեկավարվելու ու առաջնորդվելու և օրենքի տառը պահպանելու հանգամանքն է առաջացրել դիտորդների խմբի «զայրույթը»: ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս իրականացնելու է օրենքով իր առջև դրված խնդիրները, խստորեն պահպանելու է օրենքի պահանջները` թույլ չտալով որևէ ինքնագործունեություն և օրենքով նախատեսված իրավունքների գերազանցում: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը դիտորդների խմբի հետ, քննարկել վերջիններիս կողմից ներկայացված հիմնախնդիրները և ռացիոնալ առաջարկները, որոնք կնպաստեն ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց պահման պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին:   ՀՀ ոստիկանության շտաբ