Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԿՈՏՐԵԼ» ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՑԱԾ ԲՈՇՆԱՂՅԱՆԻՆ

Հասարակություն

Այսօր դատարանում ցուցմունք տվեց ԱԺ ամենատարեց պատգամավոր, հոկտեմբերի 27- ի գործով տուժող Պերճ Բոշնաղյանը:

Նրա մի հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել. պատգամավորը պնդում է, որ մինչեւ ահաբեկիչների դահլիճ մտնելը լսել է դրսից խուլ պայթյունի ձայն:

Բոշնաղյանը պատմեց, որ Նաիրի Հունանյանն իր նկատմամբ շատ բարյացակամ էր, նույնիսկ թույլ է տվել զանգահարել տուն, խոսել հարազատների հետ:
Դահլիճում պատգամավորը ելույթ է ունեցել, դիմել ժողովրդին, որ կարգուկանոն պահպանի: Ահաբեկիչների առաջարկով նա խոսել է նաեւ արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն խոսքը կիսատ է մնացել:

Պերճ Բոշնաղյանը պնդում է, որ նկատել է, թե ինչպես են Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը կրակել ԱԺ նախագահության վրա: Նկատել է, որ Դերենիկ Բեջանյանը խոսել է մաքուր ու վարժ հայերենով, նկատել է, որ Կարեն Հունանյանը կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանին կանգնեցրել է որպես կենդանի թիրախ դռների մոտ ու զգուշացրել.«Եթե այդ դռնից մարդ մտնի, քեզ կգյուլլեմ»:

Գիշերվա ժամը 12-ից հետո, ըստ պատգամավորի, ահաբեկիչների տրամադրությունը կտրուկ փոխվել է, նրանք ընկել են դեպրեսիայի մեջ, նստել են աստիճաններին, սկսել ծխել ու էլ չեն հայհոյել:
Պատգամավորը լսել է, թե ինչպես է Հունանյան-ավագն ասել. «Մենք մեր գործն արեցինք»:

Հոկտեմբերի 27-ից հետո պատերազմի որոշ վետերաններ Պերճ Բոշնաղյանին ասել են.«Ամոթ Պերճ, քեզ նույնիսկ գերմանացիները չկարողացան պառկեցնել, իսկ սրանք կարողացան»: