Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրեմլի օրակարգում Ղարաբաղի թեման չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkr

Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ առաջին բանակցությունները տեղի ունեցան դեռեւս 22 տարի առաջ Հելսինկիում Մինսկի խմբի ձեւաչափի ձեւավորումից հետո։ 1997-ին հակամարտության լուծմանը ներգրավեցին ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում էին հակամարտության գոտի։ Նույն տարում Լիսաբոնի գագաթաժողովից հետո համանախագահները ներկայացրեցին հակամարտության լուծման հռչակավոր «փաթեթային» տարբերակը։ Այն առաջին կետով ենթադրում էր զինված ուժերի դուրսբերում, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ, բուֆերային գոտու ստեղծում, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում։ Երկրորդ կետը Արցախի կարգավիճակի մասին էր, ըստ որի՝ այն փաստացի մնում է Ադրբեջանի կազմում։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մերժեցին այս տարբերակը։ Համանախագահներն առաջարկեցին փուլային տարբերակ, որտեղ ավելացվել էր միջազգային ուժերի տեղաբաշխումը հակամարտության սահմանի ամբողջ երկայնքով։ Կարգավիճակի հարցը փուլային տարբերակից դուրս էր։ Հայաստանը եւ Ադրբեջանն համաձայնվեցին, Ղարաբաղը՝ ոչ։ Վերջինս ոչ մի երաշխիք չուներ, որ գրավյալ տարածքները թողնելուց հետո Ադրբեջանը կհամաձայնվի շարունակել բանակցությունները։ Սա «դե ֆակտո անկախ, դե յուրե Ադրբեջանի կազմում» լինելու տարբերակն էր։ Մեկ տարի հետո համանախագահները ասպարեզ նետեցին «ընդհանուր պետության» գաղափարը։ Այստեղ նախ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հետո միայն մնացած հարցերը։ Ենթադրվում էր, որ ըստ այս գաղափարի Ղարաբաղը դառնում է տարածքային միավոր հանրապետության ձեւով, բայց՝ Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղը դարձյալ համաձայն չէր, Հայաստանը չհասցրեց որեւէ տեսակետ հայտնել, Ադրբեջանն այն մերժեց հենց սկզբից։ Փոխարենը այդպես էլ հրապարակային քննարկման թեմա չդարձավ այնպիսի մի դրույթ, ինչպիսին Մեղրին Ադրբեջանին հանձնելու կամ Մեղրիի միջով կոմունիկացիաների համակարգի ստեղծումն էր, շնորհիվ որի Ադրբեջանը հնարավորություն կունենա անարգել կապվել Նախիջեւանի հետ։ Մեղրիի տարբերակը կանխեց Հայաստանը։ 2001-ին արդեն ամերիկյան Քի Ուեսթ կղզում նույնպես խոսվում էր Ղարաբաղի փաստացի անկախության մասին։ 2005-ին շրջանառության մեջ է դրվում Ղարաբաղի «հետաձգվող կարգավիճակի» մասին հարցը։ Սա էլ կողմերից ոչ մեկը չի ընդունում։ Մեկ տարի հետո Ռամբույեից ու Բուխարեստից հետո բոլոր կողմերը պաշտոնապես հայտնում են, որ բանակցությունները կիսափակուղում են։ Այդ ժամանակ արդեն բանակցություններում խոսվում է Ղարաբաղի անկախությունը հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ճանաչելու մասին։ Փոխարենը քննարկումներից դուրս են գալիս հակամարտության սահմանի երկայնքով միջազգային խաղաղապահ ուժեր տեղադրելու թեման։ 2007-ի նոյեմբերին համանախագահները ներկայացնում են նոր առաջարկություններ, որոնք կողմերի հետ քննարկում սկսելու համար համաձայնեցվել են Մադրիդում։ Ամերիկացի գործող համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացահայտում է նոր առաջարկությունները, որոնցից է կրկին խաղաղապահ ուժերի տեղակայումը, Ղարաբաղին միջազգային կարգավիճակ տրամադրելը, Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի ապահովումը, 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Հակամարտության 24 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամ տարբեր միջնորդների ուժերով։ Վաղը Սոչիում Ռուսաստանի նախագահը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, Իլհամ Ալիեւի հետ Պուտինը կքննարկի ռուս ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը նվիրված հարցեր, իսկ Սերժ Սարգսյանի հետ՝ քաղաքական, հումանիտար եւ առեւտրային հարաբերությունների զարգացման մասին հարցեր։ Հատկապես խոսելու են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացի մասին։ Կրեմլի օրակարգում Ղարաբաղի թեման չկա։ Ալիեւ-Սարգսյան հանդիպման մասին այսօր արդեն հայտարարել է Հայաստանի վարչապետը։