Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանի հետ

Պաշտոնական
beglaryan

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 1-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Նշվեց, որ առաջիկայում համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը և երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին: Մոհամմադ Ռեյիսին ընդգծեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարևորությունը, միաժամանակ տեղեկացրեց, որ իրանական կողմից ևս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում: Գագիկ Բեգլարյանը ողջունեց իրանական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնեց, որ այս բնագավառում Իրանն է՛լ ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Նախարարը նշեց նաև, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով: Անդրադառնալով նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Բեգլարյանը ընդգծեց դրանց իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ հայկական կողմը մի շարք ներդրումային ծրագրեր կփոխանցի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը՝ Իրանի գործարար միջավայրում տարածելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն