Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացի երիտասարդը որոշել է մնալ Հայաստանում (տեսանյութ)

Մշակույթ
par

Երբ երիտասարդներին համախմբում է պարը, տարբերակել նրանց ազգային պատկանելությունը գրեթե անհնար է, ու թերևս՝անիմաստ: Մշակույթը սահմաններ չի ճանաչում: Մշակույթը քաղաքականություն չի ցանկանում ճանաչել և ընտրում է խաղաղ երկխոսության ճանապարհը: 15 երկրներից տարբեր ազգությունների ու մասնագիտությունների շուրջ 100 երիտասարդ Աղվերանում հուլիսի 23-ից օգոստոսի 6-ը կներկայացնեն իրենց ազգային մշակույթը` կպարեն, կերգեն, կասմունքեն, կցուցադրեն իրենց խաղերն ու խոհանոցը: «Մշակույթների երկխոսություն -2014» միջմշակութային փառատոնի ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Նախորդ ծրագրերը կազմակերպվել էին 2006, 2007 և 2008 թվականներին։ Հետո տնտեսական ճգնաժամի պատճառով ժամանակավորապես ծրագիրը ընդհատվել էր: Հասկանալի է, որ այս և նմանատիպ միջոցառումներից հետո համաշխարհային գլոբալ խնդիրները չեն լուծվելու, բայց սա ազգերի միջև խաղաղ երկխոսության մեր ներդրումն է՝ ասում է «Միջմշակութային ուսումնասիրությունների և երկխոսության կենտրոն»-ի փոխնախագահ Արեգ Թադևոսյանը, իսկ մենք շահում ենք այն, որ մեր երկիրը ճանաչած այս երիտասարդները Հայաստանը կտարբերեն, օրինակ, Տանզանիայից, հետո կպատմեն իրենց ընկերներին, ու նրանք էլ կիմանան Հայաստան աշխարհի մասին: Եվ այս իմաստով կարևոր է, թե մենք ինչպես կներկայանանք: Համբուրգից ժամանած Օլիվեր Վիյհմանը մեկ տարի առաջ Եվրոպական կամավորական ծառայության ծրագրով եկել է Հայաստան, շատ է հավանել ու ցանկություն է հայտնել մնալ և աշխատել. «Շատ հարմարավետ եմ այստեղ ինձ զգում: Ձեր վերաբերմունքը օտարերկրացիների հանդեպ ջերմ է: Գերմանիայում, օրինակ, մի քանի րոպե ծանոթությունից հետո սուրճի հրավեր չեն անում»: Ապագա քաղաքագետները, պատմաբաններն ու արվեստագետները դեռ մեկ շաբաթ կպարեն, կերգեն, կշփվեն ու կփորձեն մշակույթի լեզվով ճանաչել միմյանց, իսկ տարիներ անց, միգուցե արդեն պաշտոնյա այրեր դարձած երեկվա այս երիտասարդները կընտրեն ազգամիջյան խնդիրների լուծման խաղաղ երկխոսության սկզբունքը: