Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գայանե» բալետի վերադարձը Մարիինյան թատրոնի բեմ

Մշակույթ
300px-Spb_06-2012_MariinskyTheatre

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ ս/թ հուլիսի 22-ին և 23-ին Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում թատրոնի բալետային խումբը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում (ներկայացման լիբրետտոն և բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի, բեմանկարչությունը՝ Մինաս Ավետիսյանի, հագուստների ձևավորումը՝ Ռուբինա Հովհաննիսյանի): Դիրիժոր – Կարեն Դուրգարյան Նվագախումբը - Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ Մենապարողներ՝ Գայանե – Աննա Կոստանյան, Սյուզաննա Փիրումյան Արմեն – Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան Գիքո – Նարեկ Մարտիրոսյան, Արմեն Գևորգյան Նունե – Մերի Հովհաննիսյան, Ժակլին Սարխոշյան Կարեն – Էդուարդ Սարգսյան Հուլիսի 23-ի ներկայացումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Մարիինյան թատրոնի կայքում: «Գայանե» բալետը, Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, Մարիինյան թատրոնի բեմում վերջին անգամ ներկայացվել էր 1979թ-ին: Հյուրախաղերի իրականացման աշխատանքներում մեծ էր ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մարիինյան թատրոնի հրավիրյալ դիրիժոր Կարեն Դուրգարյանի (ով նաև Մարիինյան թատրոնի ներկայացումների դիրիժորն էր), թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ջանքերը: Ավելի քան յոթ տասնամյակ «Գայանե» բալետն իր հաղթարշավն է շարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, ինչի վառ վկայությունն է Մարիինյան թատրոնում պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսի և բալետային քննադատների բարձր գնահատականը հայկական բալետին: «Գայանե» բալետը ներկայացվել է մենակատարների երկու խմբով: Ներկայացումների ավարտին ռուս հեղինակավոր բալետային քննադատների կողմից առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանացել հայ արտիստների կատարողական վարպետությունը: Մեծապես արժևորվել է նաև «Գայանե»-ի բալետային ժամանակակից պահանջներին համահունչ մատուցումը: Ներկայացումների ավարտին Մարիինյան թատրոնի խստապահանջ հանդիսատեսն ավելի քան կես ժամ շարունակ ծափահարում էր հայ արտիստներին: Ներկայացոմների առիթով իր գոհունակությունն է հայտնել նաև թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Վալերի Գերիևը: Վերջինս առաջարկել է, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական: