Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեստավորման կենտրոն՝ ՔԿՀ ծառայողների համար

Հասարակություն
394080c5ddca803f75c0a1a53c4f5cd7

«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր: Այն քրեակատարողական ծառայողներին հնարավորություն է տալու մինչև հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված և աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ և ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում,և քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել: Իրավաբանական ինստիտուտի www.lawinstitute.am-ում գործող թեստավորման համակարգը կօգնի գնահատել և զարգացնել սեփական գիտելիքները քրեական և քրեակատարողական օրենսդրության վերաբերյալ, մասնավորապես՝ քրեական օրենսդրության առնչությունը քրեակատարողական համակարգին, ուժի գործադրումը քրեակատարողական համակարգում, կալանավորված անձանց պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և տույժի միջոցների ու դրանց կիրառման կարգի վերաբերյալ: Թեստավորման վերջում վերապատրաստվողը միայն կտեսնի այն հարցերը, որոնց պատասխանել է սխալ, իսկ ճիշտ պատասխանը կգտնի ինքնուրույն՝ ստանալով հղումը համապատասխան իրավական ակտերի այս կամ այն հոդվածներին: Բացի այն, որ ծրագիրը արդյունավետ է քրեակատարողական ծառայողների համար, այն նաև թույլ է տալիս իրավաբանական ինստիտուտին հետևել ծառայողների թեստավորմանը և արձանագրել, թե վերապատրաստման ո՞ր ոլորտների նյութերի և ծրագրերի վրա է անհրաժեշտ շեշտադրում անել, զարգացնել դրանք կամ փոփոխության ենթարկել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին