Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենցաղայի՞ն, թե՞ ազգամիջյան բախում Վրաստանում. Կարծիքները տարբեր են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ejmiacin-vrastan-472x2651

Հայ-վրացական հարաբերություններում չի կարող լինել ազգամիջյան, էթնիկ խնդիր։ Վրացի լրագրող Կոբա Գոգավան զարմանում է, երբ որեւէ միջադեպ մեկնաբանվում է կենցաղային հարթությունից դուրս։ Հակահայկական տրամադրություններ Վրաստանում չկան, եւ ինչ որ կատարվում է, կարող է պատահել նաեւ մյուս ազգային փոքրամասնությունների հետ, պետք չէ քաղաքական կամ կրոնական հողի վրա դիտարկել դեպքերը՝ ասում է նա։ Կոբա Գոգավան ծանոթ է հայկական կողմի արձագանքին՝ կապված Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպին. Դա կարող է լինել բոլորի հետ, զարմիկը զարմիկի հետ էլ կարող է այդպես վիճել, պետք չէ հարցը քաղաքականացնել, մենք հայերին վերաբերվում ենք, ինչպես բոլորին, ապրում ու աշխատում ենք միասին։ Ապա ավելացնում է՝ հայկական եկեղեցին մեր եկեղեցին է, հայերը Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են։ Ջավախքի «Նոր» ռադիոյի լրագրող Բորիս Կարսլյանը բերում է Ջավախքի օրինակը, ուր հայերն ու վրացիներն ապրում են համերաշխ։ Նա կարդացել է վրացական մամուլի ու սոցիալական ցանցերի արձագանքը. «Այստեղ գրում են, որ կատարվածը խուլիգանություն է եւ պետք է դիտարկել իբրեւ կենցաղային դիպված, իսկ հայկական մամուլն ավելի կոշտ արձագանքեց»։ Վիրահայոց թեմի մամուլի հարցերով պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը հիշեցնում է, որ այս տարի արդեն երրորդ բախումն է, եւ խնդիրը միայն կենցաղային մակարդակում դիտարկելը մեղմ է. «Ազգային անհանդուրժողականությունն այստեղ առկա է, մենք դա զգում ենք ամեն քայլափոխի»։ Տիկին ԽԱչատրյանը այս ամենը ցավով է նշում և հավելում, որ այդ դեպքերը չեն կարող խաթարել 2 ազգերի դարավոր բարեկամությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանը, որն այս պահին բնակվում է Թբիլիսիում, կարծում է, որ կոնֆլիկտի հիմքը կենցաղային է եղել, սակայն հետո վերաճել է խմբային հարձակման, պետք է սպասել նախաքննության ավարտին։ Արսեն Խառատյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսօր Թբիլիսիում միակ գործող հայկական կառույցը Սուրբ Էջմիածինն է, որտեղ բոլոր մշակութային միջոցառումներն են իրականացվում, մարդկանց մեծաթիվ հոսքի հետ նման դեպքերն անխուսափելի են։