Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ ընդդեմ ՕԵԿ-ի (տեսանյութ)

Հասարակություն
Ագրարային-համալսարան

«Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է ապօրինի շինարարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում՝ պնդում են բուհից։ Մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Այդ նույն տարածքում համալսարանը մտադիր էր կառուցել լաբորատորիա, իսկ այսօր այդ տարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունը տեղադրել է իր կուսակցության պաստառները։ Համալսարանի պրոռեկտորը զարմանում է, թե ինչպես կարող է «Օրինաց երկիր» անունը կրող կուսակցությունը ապօրինի գործողություններ իրականացնել. «Ոչ միայն չեն դադարեցնում աշխատանքները, այլև մի ամբողջ տաղավար են կառուցում։ Նրանք արդարանում են, թե այդ տարածքը գտնվում է Աբովյան 43/1 հասցեում, բայց ըստ գծագրի՝դա ներառված է Տերյան 74 հասցեում, այսինքն՝ համալսարանի տարածքն է»,- ասում է Բուհի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը։ Պրոռեկտորը հավելեց, որ որպես կանոն նրանք իրենց աշխատանքները սկսում են գիշերը։ Այսօր Բուհում տեղի ունեցող հերթական ակցիայի մասնակիցների թիվը մոտ 300 էր։ Նրանք պահանջում էին դադարեցնել ապօրինի շինարարությունը, բայց այդպես էլ հակառակ կողմից ոչ մեկը չներկայացավ եւ ոչ մի բացատրություն չտվեց։ Բուհի պրոռեկտորը նշեց, որ իրենք մտադիր են խաղաղ պայքարել, ինչը չի անում հակառակ կողմը։ Նրանք կսպասեն մինչեւ դատական գործը կավարտվի, եւ ըստ օրենքի էլ կշարժվեն։ «Ա1+»-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի պատասխանատու Արթուր Միսակյանը զերծ մնաց մեկնաբանություններ տալուց. «Կա դատական գործընթաց, թող դատարանն էլ որոշի՝ապրօինի է, թե ոչ»։ Իսկ այն հարցին, թե եթե դեռ կա դատական գործընթաց, ապա ինչպես կարող են իրականացնել շինարարություն բուհի հարակից այգում, «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի պատասխանատուն ասաց. «Մենք դա արել ենք անվտանգությունից ելնելով։ Ի՞նչ անեինք, թողնեինք՝ պատը փուլ գար մարդկանց վրա՞։ Եթե չեն ուզում, ու ինչ-որ ակցիաներ են անում, ուրեմն ոչինչ էլ չենք անի ու կսպասենք դատական գործընթացին»։ Նշենք, որ հերթական դատական գործը կսկսվի սեպտեմբերին։