Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քառյակն ականապատված է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
8733d7da1f1987b0b82379d4b63820e8

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ` քառյակն ականապատված է, նվազագույնը երկու ընդդիմադիր ուժ իշխանության վերահսկողության տակ է. «Նույն Դաշնակցության կապերը գործող իշխանության հետ բավականին խորն են եւ նույն «Ժառանգությունը» շատ անհասկանալի մի կառույցի է վերածվել, որտեղ պարզ չի՝ ով ով է, ով ում է ներկայացնում, եւ այնտեղ պարզ չի՝ ով է իշխանությունը, ով է ընդդիմություն»։ ԲՀԿ-ն միայնակ էլ կարող է իշխանափոխություն անել, եթե համապատասխան իրավիճակ ստեղծվի, բայց կուլիսային քայլերի միջոցով,-կարծում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ դա ավելի նման կլինի թավշյա իշխանափոխության. «Սակայն ավելի կտրուկ քայլերի համար ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը կարող է շատ կարեւոր լինել»։ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ քառյակի 12 կետերն ընդամենը ժամանակի ձգձգում է, պարզ չէ, թե որն է լինելու քառյակի հաջորդ քայլը սեպտեմբերի 30-ից հետո, երբ պարզ կդառնա, որ 12 կետերը չեն կատարվել. «Այդ ոչ իշխանական ուժերը էդ հաջորդ քայլը չունեն, այսինքն՝ եթե դու գնում ես ուժային եղանակով իշխանության փոփոխությանը, ապա դու համապատասխանաբար պետք է փոխես քո հռետորաբանությունը եւ պետք է կոնկրետ քայլեր կատարես եւ համապատասխան կոչով դիմես հանրությանը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նման բան չկա»։ Այդ դեպքում ինչո՞ւ է քառյակն իշխանությանը տվել 4 ամիս ժամանակ, եւ ոչ թե 6 ամիս կամ մեկ տարի, որն ավելի նման կլիներ ժամանակ ձգձգելուն։ Ըստ Ստեփան Դանիելյանի, քառյակը սպասողական վիճակում է. «Իրենց հույսը դրել են աշխարհաքաղաքական որոշակի զարգացումների վրա, որոնց հետեւանքով կարող է աջակցություն ստանալ Հայաստանում իշխանությունը փոխել»։ Քաղաքագետը բացառում է, որ 12 կետերի կատարման ձախողումը կարող է հանգեցնել Ազգային ժողովի նոր ընտրությունների։ Սերժ Սարգսյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունը կնշանակի կորցնել իշխանությունը. «Նա մինչեւ վերջ կփորձի պայքարել, առավելեւս՝ եթե հաշվի առնենք այն, որ նա չի կարողացել պատրաստել իր հաջորդին, նրան, ում կհանձնի իշխանությունը»։ Քաղաքագետի տպավորությամբ՝ նաեւ Սերժ Սարգսյանը չի կարողանա հանուն իր իշխանությունը պահելու Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ նա ճգնաժամային մենեջեր չէ, այլ՝ կուլիսային գործիչ։