Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւոն Հայրապետյանի երթը քաղաքական նպատակների են ծառայեցնում»

Քաղաքականություն
TTT_1208_copy

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը այսօր կրկին հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում։ «Հայեր ջան. բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Լևոն Հայրապետյանի ճակատագրով, խնդրում եմ ուշադիր կարդալ այս տեղեկատվությունը։ Այն մարդիկ, ովքեր հայտարարել են հուլիսի 31-ին երթ անցկացնելու մասին, այդ ամենն անում են խիստ անկազմակերպ։ Այսինքն՝ նախ իրենց ցանկությունը չեն համաձայնեցրել Լևոն Հայրապետյանի ընկերների, մտերիմների հետ` «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի հետ»,- նշված է հայտարարությունում։ Միաժամանակ նրանք պարզել են, որ երթի կազմակերպիչ համարվողները այդ երթին բոլորովին պատրաստ չեն: Այսինքն, չկան համապատասխան պաստառներ, չկա այն դիմումը, որը պետք է հանձնվի ՌԴ դեսպանատուն: «Իրենք էլ չգիտեն, թե բացի թեւեր թափահարելուց, ինչ պահանջ են ներկայացնելու և ինչպիսի շեշտադրմամբ: Այդ մարդիկ պարզապես շատ են ուզում փողոց դուրս գալ: Սրանից ուզում են օգտվել ժողովրդի վստահությունը վաղուց կորցրած քաղաքական ուժեր ու գործիչներ: Պարզ է չէ՞, Լևոն Հայրապետյանն այն մարդն է, որին շատերն են սիրում, հարգում, և այդ «որոշները» որոշել են հասարակական այդ սիրո ու հարգանքի ալիքի վրա մարդկանց հրապարակ բերել: Այսինքն, մարդիկ իրենց քաղաքական նպատակների համար են ուզում ծառայեցնել երթը: Սա անբարոյականություն է»,-ասված է հայտարարության մեջ։ Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբն արդեն հայտարարել է, որ դեմ է նման երթի կազմակերպմանը, քանի որ հնարավոր է վտանգվի մեր հայրենակցի կյանքը։ Իսկ այսօր առավոտյան կալանավայրում Լեւոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն օրերս հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք առաջադրեց: Հայ գործարարը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ յուրացում կամ վատնում եւ անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում: