Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամֆիթատրոն եւ լաբիրինթոս՝ Նոր Նորքի անտառի փոխարեն

Կարևոր լուրեր Հասարակություն
antar1

Ի պատասխան «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ահազանգի  , թե Նոր Նորքի անտառները բնաջնջվում են՝ բուլդոզերները հատում են ծառերը (ներկայացված է տեսանյութը), քաղաքապետարանը պատասխանում է՝ հերքելով, թե ծառեր են հատվում։ Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչությունից միաժամանակ տեղեկացնում են, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաեւ այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթեւ կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին: