Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատելության լեզուն մամուլում. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան (տեսանյութ)

Հասարակություն
cb4d5c307954b935814550449e705577

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա մամուլում հնչող ատելության լեզուն։ Հարցը քննարկվեց Թբիլիսիում՝ գերմանական «Դոչե Վելլե» ակադեմիայի կազմակերպած գիտաժողովի ժամանակ՝ տարածաշրջանի երկրների մեդիա մասնագետների մասնակցությամբ։ Տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն ունի իր թիրախը։ «Ենի նեսիլ» լրագրողական ասոցիացիայի նախագահ Արիֆ Ալիեւի կարծիքով՝ հայկական ու ադրբեջանական մամուլի ընդհանրություններից մեկն այն է, որ շատ են անհիմն կարծրատիպերը միմյանց մասին, նույնիսկ այն հարցերում, որոնք կոնֆլիկտին չեն առնչվում. «Որոշակի կարծիքներ ու հրապարակումներ, որ ադրբեջանցին կարդում է հայկական մամուլում, երբեմն ծիծաղ են առաջացնում, երբեմն էլ՝ վիրավորանք։ Ոլորտին քաջատեղյակ լինելով՝ վստահ եմ, որ նույնը կատարվում է հայաստանյան ընթերցողի մոտ,- ասում է Ալիեւը։-Իհարկե, սա չի նշանակում, որ օբյեկտիվ տեղեկատվության պակաս կա միմյանց մասին, պարզապես այս ամենը գաղափարախոսության ավելցուկի ու ի վերուստ ներմուծված կարծրատիպերի արդյունք է»։ Մեկ այլ պետական աշխատող, որ չի ուզում ներկայանալ ու տեսախցիկի կադրում երեւալ, նշում է լրագրողական սերունդների տարբերությունը. «Երիտասարդ սերունդն ավելի շատ երկխոսություն է ուզում, այն սերունդը, որ ականատեսն է եղել պատերազմի կամ փախստական է դարձել, արդեն ծերանում է։ Վերջերս մի մեկնաբանություն կարդացի՝ հայրս ծնվել, մեծացել է այնտեղ, եւ ես կուզեի գոնե լինել այնտեղ, ինչ կառավարություն էլ որ լինի։ Դա շատ կարեւոր է»։ Զրուցակիցս շարունակում է. «Կա սերունդ, որ կրում է իր նախնիների վիրավորանքը, եւ նրանց մեջ կա թշնամու կերպար, բայց նրանք չգիտեն՝ ում դեմ կամ ինչի դեմ են պայքարում։ Նրանք որոշակի գաղափարախոսության են ենթարկվում, բայց մյուս կողմից՝ չեն հավատում դրան»։ Ադրբեջանում, ըստ զրուցակցիս, կան լրագրողներ, որ պնդում են, թե մեր տարածքներն են եւ պետք է վերադարձնենք, թշնամանքի եւ ատելության լեզուն այստեղ կա, իսկ մի մասն էլ ասում է, որ այլեւս չի ուզում որեւէ կորուստ. «Եթե նախագահները կարողանում են այսքան տարի բանակցություններ տանել, ապա հասարակ ժողովուրդը նույնպես կկարողանա համաձայնության գալ»։ Ըստ Վրաստանի ԶԼՄ - ների զարգացման հիմնադրամի հետազոտության՝ ատելության լեզուն վրացական մամուլում չի խնայում թե ռուսներին, թե ամերիկացուն, թե հարեւան՝ երբեմնի եղբայրական երկրներին։ Ընդ որում՝ շեշտվում է. վրացական մամուլը թշնամանքով է լցված ոչ թե ռուս ժողովրդի հանդեպ, այլ միայն ռուս զինվորների ու  Պուտինի հանդեպ։ Ամենակոշտ արտահայտությունն այս երկրում հնչել է «Ռուսթավի»-ով՝ «նրանք բոլորը խոզեր են»։ Երեւանի մամուլի ակումբը ադրբեջանական «Ենի նեսիլի» հետ համատեղ հետազոտություն ունի թշնամանքի լեզվի մասին։ Կարծրատիպեր, կլիշեներ, որոնցից ազատվելուն ուղղված եվրոպացիների ջանքերը կարծես դեռ բավարար չեն։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտության մասին ու նաեւ, թե ինչպես են անդրադառնում վրաց հասարակության վրա հայերի մասին հնչող անհանդուրժողականության արտահայտությունները՝ ստորեւ.