Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամառային դպրոցի մասնակիցները՝ նախագահականում

Պաշտոնական
president-4

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի լրագրողների և երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր: Ամառային դպրոցի մասնակիցներին ընդունեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Կարևորելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում հայապահպանությանն ուղղված նման ծրագրերի իրագործումը՝ Վ. Սարգսյանը նշեց, որ այն հնարավորություն է տալիս նորովի ճանաչել Սփյուռքը, նրա կարիքները և աջակից լինել Սփյուռքի խնդիրների լուծմանը: Հայաստան-Սփյուռք գործակցությունը մշտապես գտնվում է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների, պահանջատիրության, ԼՂՀ անվտանգության, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հիմնախնդիրներ: Նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Այցի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները ճանաչողական շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, ծանոթացան ՀՀ Նախագահի կողմից պետական և պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների անցկացման արարողակարգին, երկրի պետական կառավարման բարձրագույն կառույցի՝ նախագահական ինստիտուտի կառուցվածքին, գործունեությանը և նշանակությանը: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ցուցադրվեց ճանաչողական տեսաֆիլմ ՀՀ պետական կառավարման համակարգի, Նախագահի նստավայրի, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների և գործառույթների, պետական իշխանության համակարգում նրա տեղի ու դերի և պետական մյուս մարմինների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին և Նախագահի նստավայրից հեռացան հարուստ տպավորություններով: Ավելի վաղ «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Սփյուռքի նախարարություն