Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոնում կկայանա հայկական ամենամյա փառատոնը (տեսանյութ)

Հասարակություն
festival

2014թ. օգոստոսի 3-ին Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի արքայական թաղամասում` հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում, տեղի կունենա Չորրորդ ամենամյա հայկական փառատոնը: Պաշտոնական բացումը կազդարարեն Կենսինգտոն և Չելսի թաղամասի ղեկավար Մեյգրիդ Քոնդոն-Սիմմոնդսը և Հայ Առաքելական Եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը` ավանդաբար կտրելով կարմիր ժապավենը: Փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդարանը, կմեկնարկի պաշտոնական բացումից ավելի վաղ հայ եկեղեցական միջնադարյան ծեսով` «Երկրի չորս կողմերի օրհնությամբ», որն աղոթք է երկրի, բնության և շրջակա միջավայրի համար: Փառատոնը կլինի ընկերակցության, ուտեստների և զվարճանքի օր: Սբ Սարգիս եկեղեցու բակը կվերածվի հայկական հրապարակի` Կենսինգտոնի սրտում և կներկայացնի Միացյալ Թագավորությունում հայերի ժառանգությունը: 12-րդ դարի Հաղպատի վանքի նմանությամբ կառուցված` Սբ Սարգսի զանգակատան հովանու ներքո կհնչի ազգային և ժամանակակից կենդանի երաժշտություն, երգ ու պար, ինչպես նաև կներկայացվի հայկական համեղ խոհանոցն ու երեխաների համար կկազմակերպվեն խաղեր: Ծրագրի մի մասը տեղի կունենա եկեղեցու ներսում, որը կներառի պրոֆեսիոնալ երաժիշտների և երգիչների կատարումներ: Փառատոնում իր առանձնահատուկ տեղը կունենա հայկական տոնավաճառը, որին կմասնակցեն բրիտանահայ արհեստավորներ, դիզայներներ, գրավաճառներ, անհատ ձեռներեցներ, կրթական ու մշակութային կազմակերպություններ: Փառատոնի գովազդային հոլովակը` ստորեւ *** Հայերը հաստատվել են Միացյալ Թագավորությունում` Մանչեստրում, 19-րդ դարում: 1860թ. Մանչեստրում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին` դառնալով առաջինը Եվրոպայում և Արևմտյան կիսագնդում: Լոնդոնում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1923 թ.: Այսօր Լոնդոնում գոյություն ունի երկու հայկական եկեղեցի` տեղակայված Կենսինգտոն և Չելսի արքայական թաղամասում: Միացյալ Թագավորությունում բնակվում է մոտ 30.000 հայ, որոնք հիմնավորապես կենտրոնացած են Լոնդոնում և Մանչեստրում: Հայ եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդարանն ունի եկեղեցական ծխեր Լոնդոնում, Մանչեստրում, Բըրմինգեմում, Քարդիֆում, Դուբլինում և Օքսֆորդում: