Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրում առատ բերք է սպասվում

Հասարակություն
gyux2

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին: Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ մեկ հեկտարից ստացվում է մոտ 40 տոննա բերք, որն իրացվում է տեղում`մեկ կիլոգրամը 90-ից 100 դրամով: Նախարարի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որի բնակչությունը զբաղվում է հիմնականում հացահատիկագործությամբ ու բանջարաբուծությամբ: Այստեղ ավելի քան 446 հեկտար վարելահողերի 350 հեկտարը զբաղեցնում են հացահատիկի ցանքերը, 90 հեկտարից ավելին` բանջարա-բոստանային և այլ մշակաբույսերը և մոտ 6 հեկտար` կարտոֆիլի ցանքերը: Առատաշեն համայնքում նախարարը ծանոթացել է լոլիկի, պղպեղի, սոխի, ծիծակի բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցել գյուղացիների հետ: Զրույցի ընթացքում ֆերմեր Վաչիկ Կիրակոսյանը, գոհունակություն հայտնելով այս տարվա բերքից, նշել է, որ տարին համայնքում բերքառատ է լինելու: Սերգո Կարապետյանն այցելել է նաև Հովտամեջ, Զարթոնք և Ծիածան համայնքներ, որտեղ ներկա է գտնվել կաղամբի, ձմերուկի ու սեխի բերքահավաքի աշխատանքներին: Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Հացիկ համայնքում, որի զարգացման գերակա ուղղություններն են պտղագործությունն ու խաղողագործությունը: Այստեղ նա այցելել է դեղձի և սալորի այգիներ, զրուցել գյուղացիների հետ, որոնց հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի սակավության հետ: «Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», - ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները: Սերգո Կարապետյանն անդարադարձել է նաև լոլիկի բերքահավաքին և նշել է, որ առաջիկայում կսկսվի այս մշակաբույսի մասսայական բերքահավաքը, վերամշակող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել ողջ բերքը, և լոլիկի մթերման գինն Արմավիրի վերամշակող ընկերությունների հայտարարությամբ կկազմի 40 դրամ՝ մեկ կիլոգրամի համար: Նախարարը խոսել է նաև մարզի սակավաջրության խնդրի մասին և նշել, որ այս տարի, ընդհանուր առմամբ, սակավաջուր տարի է, և քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին