Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարը կրկին դիմում է վարչապետին

Հասարակություն
հին-Էրիվան

«Հին Էրիվան»-ի սեփականատերը կրկին բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ «Յունիբանկ» - ի նախագահ Գագիկ Զաքարյանին։ Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ասել, որ մենք զարմացած ենք, նշանակում է ոչինչ չասել: Սակայն մենք չենք պատրաստվում հարմարվել: Հարգարժան Յունիբանկի կողմից մենք ավելին ենք տեսել, որտեղ սովոր են խաղալ առանց կանոնների և հակասել իրենք իրենց: Հուլիսի 2-ին Յունիբանկի փաստաբանները դատական նիստից հետո բարձրաձայն հայտնեցին, որ պատրաստ են մեկ- երկու միլիոն դոլար զիջել մեզ իրենց բարի կամքով: Բայց պետք է վճարել 15 օրվա ընթացքում: Ի՞նչ բարի կամքի մասին էր խոսքը: Ինչպես հայթայթել 2 շաբաթվա ընթացքում նման գումար, եթե չասենք այն մասին, որ Յունիբանկի շնորհիվ մենք ոչ մի բանկից չենք կարող վարկ վերցնել: Նրանց «բարությունը» ցուցադրական էր և պայմանավորված էր նրանով, որպեսզի ցույց տան պարոն վարչապետին իրենց պատրաստակամությունը գնալ կոմպրոմիսի, շատ լավ գիտակցելով, որ մենք չենք կարող դրան գնալ առանց Մավել Տեր-Առաքելյանին պատշաճ վարկառու ճանաչելու: Համատարած պոպուլիզմ է և էլ ոչինչ: Անհնար է պարոնայք բանկիրներ: Մենք ամեն դեպքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը բանակցություններ վարելու: Մեր հերթին մենք առաջարկություններ արեցինք /պլան Ա/-առաջին հերթին Մանվել Տեր-Առաքելյանին համարել բարեխիղճ վարկառու և /պլան Բ/-գույքագրել վերջինիս ունեցվածքը` հողեր, շինություններ, արտադրություններ, որոնք կազմում են մոտավորապես 11 մլն դոլար և ավելի, վաճառել դրանք լիկվիդացիոն գներով, և մարել «գործընկերոջ» պարտքերը: Մենք ստացանք կատեգորիկ «ոչ» պատասխան սուպերմինիստր Դավիթ Հարությունյանի եղբոր` փաստաբան Հայկ Հարությունյանի ստորագրությամբ: Հեղինակը իր արտահայտություններում իրեն ոչնչից չէր զրկել: Մեզ ասված էր «Դուք մեզ չեք հետաքրքրել, չենք ցանկանում լսել եւ գործ ունենալ Ձեր հետ փոխկապակցված և ոչ մի մարդու հետ: Չմոտենաք մեր Բանկին: Դուք զրկված եք գոյության իրավունքից: Հին Էրիվան Ռեստորանը համեղ պատառ է: Միայն թե կոկորդում չմնա: Յունիբանկի դիրքորոշումը փոխվել է 100%-ով: Բանկը ցույց տվեց իր իսկական դեմքը: Նման գրությունից հետո խոսել բանակցությունների մասին ավելորդ է: Պարոն Գագիկ Զախարյան –Դուք տեղյակ եք ի՞նչ է կատարվում Ձեր մեջքի ետեւում: Ո՞վ է ղեկավարում ձեր Բանկը, որոշումներ ընդունում ու փոփոխում դրանք, հրամաններ ստանում դրսից: Դուք տեղյա՞կ եք հրամանները որտեղից են ստացվում: Մամուլում գրում են` գլխավոր թիկնապահից.... Դուք հասկացա՞ք ում մասին է խոսքը: Ձեզ դա բավարարու՞մ է, թե Բանկում երկիշխանություն է: Կամ եռիշխանություն: Ուզում ենք վերջապես Ձեր դիրքորոշումը իմանալ: Հավանական է Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Դուք Ձեր Բանկի պոտենցիալ ներդրողներին ասում եք, որ «Մանվելի հետ պրոբլեմները լուծվում են», բանակցություններ են վարվում: Իմացեք, դա այդպես չէ: Բանակցությունները չկայացան, ինչի մասին պարտադիր պետք է տեղեկանա նաեւ պարոն Աբրահամյանը, որը փորձում էր հարթեցնել կոնֆլիկտը, խոստանալով, որ թույլ չի տա բիզնեսմենի ունեցվածքին տիրանալ, հուսով եմ, որ Բանկի ղեկավարությունը խելամիտ կգտնվի: Կարծում եմ, այժմ նա համոզվեց հակառակում: Հարգելի պարոն Աբրահամյան, մենք վստահ էինք, որ Ձեր միջամտությամբ կտիրեք իրավիճակին՝ ուշքի բերելով Բանկին: Բայց դա տեղի չունեցավ: Ձեր ջանքերը ապարդյուն էին, եւ ցավոք, նույնիսկ Դուք անզոր գտնվեցիք Յունիբանկի քմահաճույքների դեմ: Վ. Աթայանի և իր թիմակիցների հետ խոսելն ավելորդ է: Նրանք ոչնչացնում են այն, ինչի դիպչում են: Պարո՛ն Զախարյան, փրկեք Ձեր Բանկի վարկանիշը, քանի դեռ ուշ չէ: Թե չէ կկորցնեք Ձեր բոլոր հաճախորդներին: Հուսով ենք լսել ձեր պատասխանը»,- գրված է բաց նամակում։