Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 ժամկետային զինծառայողներ և նրանց ծնողները հանդիպել են Երևանում

Քաղաքականություն
0051

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է: Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի: Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»: Բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել և զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն