Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ինձ ջրեն, ես չեմ նեղանա»

Հասարակություն
05e185ebc2c994cbee9494cb470f6d6f

Վարդավառը ոչ միայն ժողովրդական, այլեւ ազգային, հայրենասիրական տոն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:  Ըստ նրա՝ քրիստոնեական բոլոր տոների հիմքում նախաքրիստոնեական շրջանի մի ավանդույթ է: Վարդան Դեւրիկյանը մեջբերեց Նիկողայոս Մառի խոսքերը՝ ժողովրդի նիրհող գիտակցության մեջ հին աստվածները չեն մեռնում. «Հնում, քանի որ Վարդավառը սիրո տոնն է, այս շրջանում երիտասարդները նշանվում էին, աշնանը՝ ամուսնանում: Եւ որքան էլ քահանաները հակադրվեն՝ ազգային գեղեցիկ սովորույթ է ջուր ցողելը, այն մաքրման, մաքրագործող նշանակություն ունի: Ջուր ցողելու դեմ պետք չէ սուր ճոճել: Երբ մարդ ցողվում է ջրով, նրան դա բավարար է մեկ տարվա պարբերությամբ»:   Նա անդրադարձավ նաեւ Վարդավառ բառի նշանակությանը: Ըստ նրա՝ հնդիրավական լեզվամտածողությամբ այն նշանակում է պայծառ ջուր, այն նաեւ կապ ունի վարդ բառի հետ. «Գրիգոր Տաթեւացին հիշատակում է, որ Քրիստոսը վարդի կոկոնն է, որը մինչեւ պայծառակերպությունը, մարդկային պատյանի մեջ ներփակված էր, որից հետո նա վարդի պես բացվեց ու անուշ բույր տարածեց»: Վարդան Դեւրիկյանի ընդդիմախոս Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը վստահեցրեց՝ հայ եկեղեցին հակադրություն չունի ջուր ցողելու առումով. «Ես կողմ չեմ, որ Վարդավառը հեթանոսական տոն է. այն ազգային տոն է»: Տեր հայրը վստահեցրեց, որ փոքր ժամանակ ինքը եւս խաղացել, մասնակցել է Վարդավառին. «Ես հիմա էլ դեմ չեմ, իհարկե, չափի մեջ ջուր ցողելուն, մանավանդ եղանակն էլ նպաստավոր է: Եթե ինձ ջրեն, ես չեմ նեղանա»: