Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ թենիսիստուհիները գրավեցին 9-րդ տեղը եվրոպական ուսանողական խաղերում

Հասարակություն
14

Ռոտերդամում ընթացող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում սեղանի թենիս մարզաձևում հանդես է գալիս նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների թիմը։ Մեր ուսանողուհիներն ընդգրկվել էին C խմբում, բավականին բարդ խումբ, որտեղ խաղում էին նաև Գերմանիայի Հանովերի, Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանների ու Կազանի տնտեսագիտության կառավարման և իրավունքի ինստիտուտի թիմերը։ Առաջին փուլում մեր թենիսիստուհիները 1:3 հաշվով զիջեցին Հանովերի, իսկ երկրորդում 0:3 հաշով՝ Կազանի թիմերին (Կազանի թիմը, ի դեպ, հետագայում դարձավ առաջնության հաղթող)։ Այնուհետև մեր մարզուհիները 3:1 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանի թիմի նկատմամբ ու խմբում գրավեցին 3-րդ տեղը՝ իրավունք ստանալով պայքարը շարունակելու 9-16-րդ տեղերի համար: Հուլիսի 25-ին եզրափակիչ փուլում հայ մարզուհիները տարան 2 անընդմեջ հաղթանակ։ Նախ մեր մարզուհիները 3:0 հաշվով պարտության մատնեցին D խմբում հանդես եկող Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի թիմին, ապա նույն 3:0 հաշվով հաղթեցին A խմբում ելույթ ունեցող և Հոլանդիան ներկայացնող Ամստերդամի համալսարանի թիմին ու 16 թիմերի պայքարում գրավեցին 9-րդ տեղը: Հուլիսի 26-ին և 27-ին մեր փոքր ռակետի ուսանող վարպետները խաղալու են զույգերով, այնուհետև լինելու են անհատական մրցելույթներ։