Հայտնի է, թե ով է ղեկավարելու ՀՀԿ-ն 2018թ-ից հետո (տեսանյութ)

2018-ից հետո էլ Հանրապետական կուսակցության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում։

«Սերժ Սարգսյանի դերակատարումը դեռ երկար տարիներ կլինի քաղաքական դաշտում եւ շատ ընդգծված դերակատարում կունենա»,- հայտարարեց նա։։

Շատերը կարող են հանրապետության նախագահ աշխատել, բայց Գալուստ Սահակյանի համոզմամբ, մեր երկրին աշխատող նախագահ պետք չէ. «Բայց մեզ ոչ թե հարկավոր է աշխատող նախագահ, այլ ուղղորդող նախագահ, որը կկարողանա ամբողջ մի ազգի, նաեւ սփյուռքը վեկալել, առաջնորդել»։

Առաջնորդի գավազանը խորհրդարանի ղեկավարը տեսնում է միայն Սերժ Սարգսյանի ձեռքում. «Եվ վաղն էլ է էդպես լինելու՝ անկախ նրանից, թե ինչպիսի գործընթացներ տեղի կունենան Հայաստանում»։

Պարոն Սահակյանը չի ուզում քննարկել ընդդիմության տագնապներն այն մասին, թե Սերժ Սարգսյանը ուզու՞մ է մնալ իշխանության գլխին նաեւ 2018-ից հետո. «Խնդիրը հետեւյալում է՝ կառավարման ինչ մոդել ենք ունենալու»։

Երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվի կառավարման ապագա մոդելը, այն ժամանակ Հանրապետականը կասի, թե ինչպես է պատկերացնում Սերժ Սարգսյանի ապագան։ Առայժմ քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը դա կարող է ասել միայն իր անունից։

«Ցանկացած մոդելի դեպքում ես եւ իմ կուսակցական ընկերներից հիմնականում ում հետ որ խորհրդակցում եմ, տեսնում ենք, որ նա պիտի լիդերային իր գավազանը իր ձեռքը պահի ոչ միայն կուսակցությունում, այլ նաեւ որոշակիորեն ազդեցություն ունենա կառավարման մեխանիզմներում»,- «Ա1+»-ին ասաց նա՛

Ի դեպ, պարոն Սահակյանը նկատել է, որ ընդդիմադիր կուսակցությունների լիդերներին հաճելի չէ, որ հանրապետականն ուզում է բարձրացնել խորդարանի դերը նախագահի պաշտոնի հաշվին. «Վերջին հաշվով նախագահ լինելը բավականին լավ է, մի առիթով ասել եմ Րաֆֆու դեպքում, բոլորն ուզում են թագավոր դառնալ»։