Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋԿՈՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ

Հասարակություն

Փաստաբան Աշոտ Սարգսյանն այսօր միջնորդեց նորից դատարան հրավիրել չներկայացած տուժողներին: Փաստաբան Յունոշեւն էլ առաջարկեց. կրկին չներկայանալու դեպքում տուժողներին բերման ենթարկելու մասին որոշում կայացնել: Փաստաբանները կարեւորում են հատկապես ԱԺ դահլիճի առաջին երկու շարքերում նստած պատգամավորների, կառավարության անդամների ներկայությունը:

Մեղադրողը կողմ էր, որ միջնորդությունը բավարարվի: Զինվորական դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դատարան ներկայանալը տուժողի իրավունքը չէ, այլ պարտականությունը:
Միջնորդությանը դեմ էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, նա մասնակիցներին մեղադրեց, թե միտումնավոր ձգձգում են դատավարությունը:
Այնուամենայնիվ դատավոր Ուզունյանը բավարարեց միջնորդությունը: Վկաների հետ միասին դատարան պիտի ներկայանան նաեւ տուժողները:

Նաիրի Հունանյանն այսօր առաջարկեց, որ դատարանն աշխատի ոչ թե շաբաթական 3, այլ 4-5 օր: Դատավորը ստիպված էր բացատրել, որ ազատ օրերին տաժանակիր աշխատանք է կատարվում, սղագրվում են ձայնագրությունները, կազմվում արձանագրություններ:

Ամբաստանյալն այսօր դատարանից պահանջեց իրեն տրամադրել ԱԺ-ի դահլիճում տեսագրված ժապավենը ` ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: Դատավորի մոտ բնականաբար հարց ծագեց, իսկ ինչպե՞ս է ամբաստանյալն ուսումնասիրելու տեսաերիզը: / Մնում է ենթադրել, որ եթե ամբաստանյալը նման պահանջ է դնում, ուրեմն գիտի, որ դիտելու հնարավորությունն էլ կունենա /:

Այնուհետեւ ամբաստանյալը պահանջեց ձայներիզները: Դատավորը տեղեկացրեց, որ դրանք փաթեթավորված են ու կնքված, ու նույնիսկ դատարանը դրանք դեռ չի հետազոտել:

Հունանյանը հայտարարեց, որ ինքը նոր նյութեր է պատրաստում Արմենակ Արմենակյանի սպանության վերաբերյալ: