Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխքաղաքապետ. Ասֆալտի գումարները չեն փոշիացվում

Տնտեսություն
1562304dac700af2d067cd24577e8a4b

Երեւան քաղաքի ասֆալտապատման աշխատանքներում ոչ մի լումա չի փոշիացվում, քաղաքապետարանը շռայլություններ թույլ չի տալիս, բոլոր աշխատանքները հիմնավորված են։ Այսօր հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Իսկ ինչո՞ւ են որոշ փողոցներ չափից դուրս հաճախ ասֆալտապատվում՝ հարցին, Կամո Արեյանը պատասխանեց, որ պատճառը տարվա ընթացքում անընդհատ վթարվող կոյուղատար համակարգն է. «Կոյուղատարի 81 տոկոսը ընկնում է երթեւեկ հատվածում։ Բավական է մեկ վթար, եւ մենք քանդելու ենք ամբողջ այդ 5,6 կամ 10 քմ հատվածը։ Իսկ քանդումից հետո ֆիզիկական վիճակը այդ հատվածի էապես փոխվում է՝ նստվածք է տալիս, գրունտը չի դիմանում, ու եթե այդպես էլ թողնենք, օրինակ` Սայաթ Նովա փողոցը կլիներ կարկատանների փողոց»,-ասաց նա։ Կամո Արեյանը ներկայացրեց նաեւ, որ Երևանում 2014 թվականին կասֆալտապատվի շուրջ 2 միլիոն քառակուսի մետր ճանապարհ, որից 600 հազար քառակուսի մետրն արդեն ասֆալտապատված է. «Մայրաքաղաքում 23 փողոց կհիմնանորոգվի: 20 փողոցներում արդեն մեկնարկել են աշխատանքները։ Ի դեպ, 23-ից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջանում, մյուս փողոցները ծայրամասերում են, որոնք տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել»։ Փոխքաղաքապետը հավելեց նաեւ, որ ընթացիկ վերանորոգման կարիք ունի Երեւանի փողոցների գերակշիռ մասը. «100-ից ավելի հատվածներ կան, որ գրունտային են։ Դրանց ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց եթե կարևորագույն նշանակության փողոցները բաց թողնենք, մենք տանուլ կտանք»: Կամո Արեյանը անդրադարձավ նաեւ Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցին։ Նախատեսվում է, որ դրանք կլինեն 15 եւ 16 թաղամասերում։ Նա հավաստիացրեց, որ հարցը մնում է օրակարգում է, սակայն պետական բյուջեի գումարները բավարար չեն մետրոպոլիտենի ցանցն ընդլայնելու և նոր կայարաններ կառուցելու համար. «Հարցը օրակարգից երբեք դուրս չի գալու: Բանկային կառույցների հետ բանակցային գործընթաց է գնում՝ ֆինանսավորման աղբյուրները, ներդրումային ծավալներն ու ժամկետները ճշտելու համար»։