Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիլոտային ծրագրի իրականացման համար ընտրվել է Սյունիքը (տեսանյութ)

Հասարակություն
AIN_1

«Արտակարգ ալիք» հասարակական կազմակերպությունը ԱԻ նախարարության հետ համատեղ Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանրային իրազեկման բարձրացումը գյուղական համայնքներում» ծրագիրը: «Պիլոտային ծրագրի իրականացման համար ընտրվել է Սյունիքը, քանի որ այն հեռավոր, սահմանամերձ ու խոցելի մարզ է, որտեղ տարբեր աղետներ կարող են լինել:Ծրագիրն այստեղ հաջող իրականացնելու դեպքում, իսկ ես հաջողությանը չեմ կասկածում, կիրականացվի հանրապետության մյուս մարզերում եւս»,- նշում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Ծրագրի շրջանակում Սիսիանից բացի հանդիպում է նախատեսվում նաեւ մարզի Գորիս եւ Մեղրի քաղաքների 50 համայնքների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը խոսեց աղետների կանխարգելման եւ այն գործիքների եւ մեթոդների մասին, որոնց շնորհիվ տեղաբնակները կարող են գնահատել իրենց համայնքի ռիսկերը: «Կարեւորում ենք, որ գյուղացիները կարողանան զարգացման այնպիսի ծրագրեր մշակել, որոնցում կներառեն իրենց սպառնացող բոլոր տեսակի վտանգները, դրանցից բխող ռիսկերը, դրանց նվազեցման ուղիները, այսինքն՝ իրենք կարողանան իրենց համայնքի համար մշակել անվտանգության անձնագիր, նաեւ բյուջեյով գումար նախատեսեն ռիսկերի նվազեցման համար»,- ասում է Նիկոլայ Գրիգորյանը: Մարզում հանդիպում է նախատեսվում նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, լրատվության ոլորտի պատասխանատուների հետ՝ քննարկելու, թե ինչպես պետք է լուսաբանել արտակարգ դեպքերն ու պատահարները և ոչ միայն: «Ինչպես ներգրավել լրագրողներին աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում. սա կարծես թե այնքան էլ «հետաքրքիր» թեմա չէ. չկան զոհեր, կորուստներ, արյուն... Լինում են դեպքեր երբ լրագրողները շատ արագ արձագանքում են: Պակաս կարեւոր չէ լրատվամիջոցների դերը մարդկանց իրազեկելու, ինչու չէ, սովորեցնելու գործում»,- նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը: Ներկայացվեց նաեւ ԱԻ վերաբերյալ Սյունիքի մարզում իրականացված վերջին 10 տարվա հետազոտության տվյալները: Արմեն Հովակիմյան, Սիսիան