Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտում նախարարն ասել է՝ բնակիչների կողքին է (տեսանյութ)

Հասարակություն
006

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Մարզպետարանում խորհրդակցություն անցկացնելու փոխարեն նախարարը նախընտրել է այցելել մարզի հանքարդյունաբերական ընկերություններ և տեղում ծանոթանալ տիրող իրավիճակին: Այցի շրջանակներում Արամայիս Գրիգորյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ եղել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում և «Թեղուտ» ՓԲԸ-ում: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ պատկանող Ճոճկանի պոչամբարում նախարարը նշել է շրջակա միջավայրի համար բնապահպանական խնդիրներ առաջացնող մի շարք թերացումներ և ընդգծել, որ այսուհետ բոլոր խախտումները խստիվ պատժվելու են` հետագայում պատասխանատու և բարեխիղճ հանքարդյունաբերություն ունենալու ակնկալիքով: Նախարարը նաև լսել է ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու դժգոհությունները, հավաստիացրել, որ ինքը բնակիչների կողքին է և հետևողական է լինելու հանքարդյունաբերող ընկերությունների կողմից բնապահպանական և սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հարցերում: Ընկերության տնօրինության ներկայացուցիչը վստահեցրել է, որ տնօրինությունը պատրաստ է կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները և պատասխանատու կերպով շարունակելու հանքի շահագործումն ու պոչամբարի, պոչատարի շահագործման և կոնսերվացման աշխատանքները: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ հետևելու է խնդիրների կարգավորման ընթացքին և ակնկալում է, որ պատշաճ կերպով Նախարարության փորձաքննությանը կներկայացվի պոչամբարի փակման և ռեկուլտիվացիայի ծրագրի նախագիծը: Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Թեղուտ» ՓԲԸ ներկայացուցիչների ուղեկցությամբ նախարարն այցելել է լեռնահանքային համալիրի ապագա պոչանքային տնտեսության հիմնական կառույցներ, մասնավորապես՝ ապագա պոչամբարի առաջնային պատվարի, երկրորդային պարզեցման ավազանի և արտադրական ջրի փակ շրջանառությունը սպասարկող պոմպակայանի տա¬րածքներ, նախամեկնարկային պատրաստականության աշխատանքների փուլում գտնվող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման և ֆլոտացման բաժանմունքներ, կառուցվող բացահանք և լցակուտային տնտեսություն: Այցելության բոլոր օբյեկտներում շահագործող ընկերության ներկա¬յացուցիչները լրացուցիչ պարզաբանումներ են ներկայացրել տվյալ արտադրական օղակի գործառնության առանձնահատկությունների վերաբերյալ: Ամփոփելով ստուգայցը` Արամայիս Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ջրի փակ շրջանառու համակարգով հանքարդյունաբերության իրականացումը և նշել. « Մենք ականատես եղանք նորագույն տեխնոլոգիաներով, միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպվող հանքարդյունաբերության: Սեփականատերերը մինչ այժմ իրականացրել են իրենց նախնական խոստումները, հուսով եմ, որ հետագայում խնդիրներ չենք ունենա: Բնապահպանական խնդիրների առումով մենք հետևողական ենք լինելու բնությանը հասցված վնասների վերականգնման աշխատանքների իրականացման ուղղությամբ››: Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանն այցելել է Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Ստեփանավանի դենդրոպարկ: Բարձր գնահատելով դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի ներդրումը պարկի պահպանության, զարգացման և մեծ ժողովրդականություն վայելող հանգստավայր դարձնելու գործում` Արամայիս Գրիգորյանը շնորհակալագիր է հանձնել վերջինիս և նշել. «Դուք մեզ համար անգնահատելի մասնագետ եք, ես շնորհակալ եմ դենդրոպարկի նկատմամբ ցուցաբերած Ձեր հոգատարության և նվիրվածության համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք` նույնպիսի եռանդով աշխատելու և մեր հասարակությանը մեծ օգտակարություն բերելու համար››: Այցի ավարտին աշխատանքային խումբը` նախարար Արամայիս Գրիգորյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել ներկայիս տնօրեն Վիտալի Լեոնովիչի հոր` դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի հիշատակին կանգնեցված տապանաքարին` բարձր գնահատելով այս ընտանիքի ներդրումը մեր երկրի հարուստ բնաշխարհի պահպանության գործում: